Շրի Լանկայի իշխանությունները պայթյունները համարում են Նոր Զելանդիայում ահաբեկչության պատասխանը
Շրի Լանկայի իշխանությունները գտնում են, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից պայթյուններն իրականացվել են վերջերս Նոր Զելանդիայում կատարված ահաբեկչությանն ի պատասխան: Այդ մասին հայտնել է News 1st հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտպանության եւ զանգվածային լրատվամիջոցների նախարար Ռուվեն Վիեվարդենեին:
«Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ երկրում տեղի ծայրահեղականների կողմից գրոհները կատարվել են նորզելանդական Քրայսթչերչում իրականացված ահաբեկչությանն ի պատասխան»,-հեռուստաալիքը մեջբերում է նախարարի հայտարարությունը, որը նա արել է խորհրդարանում ունեցած ելույթ ընթացքում: Վիեվարդենեն իր ելույթում նաեւ առաջարկել է երկրում արգելել National Thowfeek Jamaath «ահաբեկչական կազմակերպությունը», որին համարում են պայթյունների պատասխանատուն: Այդ մասին Twitter-ում հայտնել է տնտեսական բարեփոխումների եւ պետական բաշխման նախարար Խարշա դե Սիլվան:
Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել է 321 մարդ, տուժել է ավելի քան 520 հոգի:
Մարտի կեսին Քրայսթչերչի (Նոր ԶԵլանդիա, Հարավային կղզի) երկու մզկիթներում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով, ըստ ոստիկանության տվյալների, զոհվել է 50 մարդ, տուժել՝ եւս 50 հոգի: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը տեղի ունեցածը համարել է ահաբեկչություն: Մեկ մարդու՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանթին, սպանության մեղադրանք է առաջադրվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: