«Պետությունը կարիք չունի ամեն անգամ խոսելու Հայոց ցեղասպանությունից». Արա Պապյան

Ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ էր  ունեցել ԵԽԽՎ-ում, որտեղ չէր անդրադարձել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որն էլ զարմանք էր առաջացրել քաղաքական տարբեր գործիչների շրջանում, քանի որ լինել Ստրասբուրգի ամենաբարձր ամբիոնում և չխոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ առնվազն տարօրինակ է։ Այս հարցին անդրադարձել էր նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

168.am-ը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կարևոր չէր, որ ՀՀ վարչապետը ԵԽԽՎ-ում չխոսեց Հայոց ցեղասպանությունից։

«Էական չեմ համարում, որ վարչապետը չխոսեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, որովհետև շատ ավելի կարևոր էր, դեռևս 2015 թվականի հունվարի հայտարարագիրը՝ սկսել աշխատանքներ պահանջատիրության փաթեթի ստեղծման վերաբերյալ։ Պետությունը կարիք չունի ամեն անգամ խոսելու Հայոց ցեղասպանությունից, սա առայժմ թողնենք մասնագիտական հատվածին»,- ասաց Արա Պապյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ապրիլի 19-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերին, որի ժամանակ վարչապետը նշել էր, որ հեղափոխությունից առաջ խոստացել էր, որ Հայաստանը կշարունակի մնալ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ և կատարել է իր խոստումը, Արա Պապյանը նշեց, որպեսզի այդ կառույցներից Հայաստանը դուրս գար, պետք է իշխանությունները ստեղծեր այլընտրանք։

Ըստ նրա՝ այս պահին խոսում են այլընտրանքների ստեղծման մասին, սակայն չգիտի՝ իշխանությունները գնո՞ւմ են դրան, թե՞ ոչ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս