«Ապագայում կա պատերազմի վերսկսման հեռանկար, ներկայումս չկա, քանի որ կա այլ գործընթաց». Սկակով
«Ընթանում է իներցիոն գործընթաց, քանի որ կողմերն իրենց շփման հենց սկզբից պատրաստակամություն էին հայտնել երկխոսություն սկսել հակամարտության կարգավորման նպատակով, և այդ երկխոսությունը սկսվել ու շարունակվում է։ Սակայն, իմ համոզմամբ, այս ամենը որևէ կապ չունի հակամարտության կարգավորման հետ։ Ներկայումս տեղի ունեցողն առնչվում է նրա հետ, որ գոնե հակամարտության շփման գծում իրավիճակն ավելի հանդարտ, հանգիստ լինի, և ԼՂ հակամարտության գոտում պատերազմի վերսկսման սպառնալիքն ավելի պակաս լինի»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի գիռությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային գործընթացի հեռանկարներին։
Ըստ նրա՝ քանի դեռ հումանիտար պրոյեկտներն ընթացքի մեջ են, կողմերի ներկայիս դիրքորոշումների պարագայում շփման գծում իրավիճակը կլինի հանդարտ, սակայն սա ժամանակավոր երևույթ է և ցանկացած պահի կարող է դադարեցվել, սկսել առճակատման այլ ալիք ու այլ մակարդակ»։
Հարցին, թե այս դիրքորոշումների պարագայում ի՞նչ է սպասվում կարգավորման գործընթացին, նա պատասխանել է.
«Ապագայում կա պատերազմի վերսկսման հեռանկար, ներկայումս չկա, քանի որ կա այլ գործընթաց, որը, ինչպես ասացի, ներկայումս հանդարտ է պահում շփման գիծը, սակայն այդ գործընթացը կարող է կանգ առնել։ Այդ դեպքում մեծանալու է պատերազմի վերսկսման վտանգը, քանի որ չկա կոմպրոմիսի ցանկություն»։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: