Դեմոկրատների առաջնորդները գլխավոր դատախազին մեղադրել են Մյուլլերի զեկույցի մի մասի խեղաթյուրման մեջ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին եւ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը հրապարակել են համատեղ հայտարարություն, որում ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրին մեղադրել են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի միտումնավոր խեղաթյուրման մեջ։
«Այսօր մենք իմացանք, որ գլխավոր դատախազ Բարրը դիտավորյալ խեղաթյուրել է հատուկ դատախազ Մյուլլերի զեկույցի զգալի մասը: Հատուկ դատախազ Մյուլլերի զեկույցը տալիս է նախագահի տագնապալի պատկերը, որը խաբեության, ստի եւ անվայել գործելակերպի սարդոստայն է հյուսում եւ իրեն այնպես է պահում, կարծես օրենքն իրեն չի վերաբերում: Բայց եթե դուք չեք կարդացել զեկույցը եւ լսել եք սոսկ պարոն Բարրին, դուք դա չեք իմանա, որովհետեւ պարոն Բարրը ձեզ մոլորության մեջ է գցել»,- ասված է Նենսի Փելոսիի եւ Չաք Շումերի հայտարարության մեջ:
Նրանք, մասնավորապես, նշում են, որ, թեեւ Բարրը հայտարարել է, թե նախագահը չի խոչընդոտել արդարադատությանը, հատուկ դատախազի զեկույցը վկայում է հակառակի մասին:
«Հատուկ դատախազի զեկույցը հավաստում է, որ Թրամփի ընտրարշավի անդամներն իրազեկված են եղել ընտրություններին միջամտելու Ռուսաստանի փորձերի մասին, բայց փոխանակ այդ մասին հայտնելու դաշնային իշխանություններին, Թրամփի արշավը եւ նախագահ Թրամփն ինքը բացահայտորեն խրախուսել են այն նախագահական ընտրություններում հաղթելու նպատակով»,- հետեւում է հայտարարությունից:
«Ուստի չափազանց կարեւոր է, որ զեկույցի մնացած մասը եւ դրա հիմքում ընկած փաստաթղթերը տրամադրվեն Կոնգրեսին, եւ որ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հնարավորինս շուտ ցուցմունքներ տա երկու պալատներում»,- ասված է Փելոսիի եւ Շումերի ուղերձում:
Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հրապարակել է Մյուլլերի զեկույցի կրճատված, գաղտնի տեղեկատվությունը չբովանդակող տարբերակը, հաղորդել է «Ինտերֆաքսը»: