
Զահլեի քաղաքապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում

ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ապրիլի 18-ին այցելել է Լիբանանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այցի շրջանակում դեսպանը հանդիպել է Զահլեի առևտրատնտեսական պալատի նախագահի և մի քանի տասնյակ գործարարների հետ, քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հեռանկարները:
Այցի շրջանակում ՀՀ դեսպանը հանդիպել է Զահլեի քաղաքապետի հետ, որն ամփոփ ներկայացրել է քաղաքի ենթակառուցվածքների և ձեռքբերումների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն և բարձր է գնահատել հայ համայնքի դերը քաղաքի զարգացման գործում:
Դեսպան Աթաբեկյանը Զահլեում այցելել է նաև հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիներ, ինչպես նաև՝ հանդիպել հայ համայնքի հետ: