
Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս: Այդ մասին հայտնել է BFM հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ Ֆրանսիայի ղեկավարը հինգշաբթի Ելիսեյան պալատում ընդունել Է հրշեջ ծառայության 270 աշխատակիցների: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, ընդամենը կրակի դեմ պայքարին մասնակցել է մոտավորապես 400 հրշեջ:
Տաճարում հրդեհն սկսվել է ապրիլի 15-ի երեկոյան: Կրակը ոչնչացրել է տանիքածածկի մեծ մասը եւ սրածայր աշտարակը: Հրդեհի ենթադրյալ պատճառը վերականգնողական աշխատանքներն են, որոնք սկսվել են մի քանի ամիս առաջ:
Ֆրանսիայի նախագահը ֆրանսիացիներին խոստացել է վերականգնել Նոտր Դամ դը Պարին: Փորձագետների կարծիքով՝ դա կարող է տեւել հինգ տարուց մինչեւ մի քանի տասնամյակ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: