«Ինչ նախաքննական մարմին ուզում է՝ լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է՝ լինի, չեն կարող իմ բարի համբավի վրա խազ քաշել». Դավիթ Սանասարյան

«Պետական վերահսկողական ծառայությունն ավարտել է երկու ջրօգտագործող ընկերություններում կատարվող ուսումնասիրությունները, դրանք են Արմավիրի և Էջմիածին ջրօգտագործողները։ Երկուսի մոտ էլ հայտնաբերվել է ավելի քան 1 մլրդ դրամի խախտումներ։ Ուսումնասիրությունները կատարվել են 2014-2018 թվականների վերաբերյալ։ Երկուսի մասով էլ վերականգնման է ենթակա ավելի քան 2 մլրդ դրամի գումար»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։

Անդրադառնալով իր հարցաքննությանը՝ Դավիթ Սանասարյանը նշեց, թե ինչ նախաքննական մարմին ուզում է՝ լինի, ինչ ցուցմունք տվող ուզում է՝ լինի, չեն կարող իմ բարի համբավի վրա խազ քաշել: Նրա խոսքով՝ այն, ինչ կապում են իր անվան հետ, իրականությանը չի համապատասխանում։

«Ես դրա հետ համաձայն չեմ, և դա վիճարկվելու է համապատասխան իրավական ընթացակարգերով։ Կարգավիճակի վերաբերյալ հարցերը տվեք ԱԱԾ-ին, այո՛, ես հարցաքննվել եմ, առերեսվել եմ, ասել եմ այն, ինչ ինձ հայտնի է։ Մյուս հարցերն ուղղեք ԱԱԾ-ին, մեկ բան կարող եմ ասել, որ որևէ կառույց չի կարող ինձ որևէ կոռուպցիոն երևույթի հետ կապել, որովհետև ինքս սկզբունքորեն չեմ կապվում նման երևույթների հետ։ Հատկապես՝ հեգնողներին ասեմ, որ գերեզմանում էլ լինեմ, պայքարելու եմ կոռուպցիայի դեմ։ Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որի էմոցիոնալ ֆոնին ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։

Բացառում եմ, որ երկրի վարչապետն իմ դեմ քաղաքական հետապնդման պատվեր է տվել։ Թե որ մարմիններն ինչ կուզենան առհասարակ, հավաստիացնում եմ, որ ՊՎԾ-ն ունի այնպիսի ֆունկցիաներ, որ կարող է շատերի ոտքերը տրորել՝ օրենքի սահմաններում։ Այս պահին շատերն ուղղակի չեն ուզում, որ լինի սկզբունքային մարդ, բայց դա նրանց գործն է, ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել»,- շեշտեց Դավիթ Սանասարյանը։

Խոսելով հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացի մասին, Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ ամփոփ տեղեկանքը ներկայացվել է Դատախազություն։

Նա նշեց, որ գնումները կազմակերպված են եղել կոնկրետ մարդկանց համար, և երբ ցանկություն ունենա խոսելու՝ կխոսի։

«Ինձ որևէ պաշտոն չի կարող հետ պահել իմ պայքարից, կպաշտոնավարե՞մ, թե՞ ոչ, իմ գործունեությունը շարունակելու եմ, «Նոր Հայաստանի» համար մեր պայքարը դեռ չի ավարտվել, ներկայիս պաշտոնյաներից կան, որ կրկնում են նախկինների սխալները»,- հավելեց Դ. Սանասարյանը՝ այդպես էլ չասելով, թե ինչ կարգավիճակով է հրավիրվել հարցաքննության։

Զվարթ Խաչատրյան

 

Տեսանյութեր

Լրահոս