«Էդ փախեփախի տրամաբանությունից դուրս եկեք». Վարչապետին զարմացրել է Սերգեյ Բագրատյանի առաջարկը
Կրթության և գիտության նախարարությունը մերժել է ԱԺ «Ծառուկյան խմբակցության» անդամ Սերգեյ Բագրատյանի ներկայացրած առաջարկը՝ ՀՀ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ։
Կառավարության այսօրվա նիստում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջարկը մերժելիս չեն առաջնորդվել կարծրատիպերով, բայց այդուհանդերձ ստիպված են եղել գնալու այդ քայլին։
«Սերգեյ Բագրատյանն առաջարկում է այդ օրենքում փոփոխություններ կատարել և 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ գիտական գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ակադեմիային ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում։
Նախագծում նշված չէ, որ դեպքերը կարող են լինել բացառիկ, որի դեպքում կարող է ակադեմիայի գույքն օտարվել։ Այս տեղեկության բացակայությունը հնարավորություն չի տալիս լիարժեք ձևով գնահատելու նախագիծը»,- ասաց ԿԳ նախարարը։
Անդրադառնալով այդ առաջարկին՝ վարչապետը նշեց, որ զարմանում է այն դիսկուրսի վրա, որը շարունակվում է Հայաստանում։
«Էդ փախեփախի տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչու է շարունակվում։ Այս նախագիծը, որ կարդում եմ` այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը, կառավարությունը որոշել է Ակադեմիայի շենքը վաճառել ինչ-որ օլիգարխի, ընդ որում՝ թաքուն, որ դրա մասին որևէ մեկը չիմանա, և հիմա ընդդիմությունն արագի մեջ խնդիրներ է լուծում, որ այդ շենքը պաշտպանի օտարումից։
Հարգելիներս, այդ ժամանակներն անցել են, և կոչ եմ անում այդ փախեփախի տրամաբանությունից դուրս գալ։ Այս առաջարկի տրամաբանությունը չեմ հասկանում, ինչո՞ւ միայն Ակադեմիայի շենքը, այնքան շենքեր կան, որ կարող ենք նման նախագիծ ընդունել»,- շեշտեց վարչապետը։
Զվարթ Խաչատրյան