Բաժիններ՝

«Անձրևները կշարունակվեն, սպասվում է կարկուտ, մի քանի տեղերում ակտիվացել են սողանքները». Ֆելիքս Ցոլակյան

ՀՀ կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն անդրադառնալով եղանակային տեսությանը՝ տեղեկացրեց, որ անձրևները դեռևս շարունակվելու են, ապրիլի 20-ին անձրևներն ավելի ինտենսիվ կլինեն։

«Ապիլի 20-ին լեռնային շրջաններում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Ջերմաստիճանը նվազելու է, գիշերը մինիմալը կլինի 3 աստիճան։ Հեղեղումների հետ կապված առաջին ահազանգը մենք ստացել ենք Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղից, որ այնտեղ գետի ջրերը կարող են բարձրանալ և ծածկել դաշտերը։ Պարոն Պապիկյանի հետ պայմանավորվել ենք, կնայենք, երեկ մերոնք գնացել նայել են։

Ակտիվացել են սողանքները, վեց տեղում սողանք ունենք, Լոռու մարզում շատ ակտիվ սողանք ունենք, որը սպառնում է անտառային շերտին, ընդհուպ՝ փակել ճանապարհը, 600 հազար տոննա հողի մասին է, որ կարող է լցվել ճանապարհի վրա, երկրորդ ճանապարհ կա, մենք դրա մասին պետք է մտածենք»,- տեղեկացրեց Ֆելիքս Ցոլակյանը՝ տեղեկացնելով, որ ապրիլի 18-ին և 19-ին սպասվում է կարկուտ։

Նրա խոսքով՝ քարաթափումները նույնպես ակտիվացել են։

Արտակարգ իրավիճակների նախարարը նաև հավելեց, որ 2013 թվականին հաստատվել է հայեցակարգ, որով բոլոր գերատեսչություններն ունեն իրենց հանձնարարականները, թե որը որ մասով պետք է զբաղվի։

«Մենք այստեղ կոորդինացնող դեր ունենք, բայց ամեն մեկն իր մասով պետք է բարձրացնի այդ հայեցակարգը, տեսնեն, թե դրանով ինչ է նախատեսված իրենց համար, որպեսզի կատարեն իրենց գործառույթները։ Խնդիրը որտե՞ղ է առաջանում, Տրանսպորտի նախարարի հետ մենք խոսում ենք,  Այրումի ճանապարհին քարաթափումներ են եղել, նույնը նաև սպասվում է այժմ, ես դիմել եմ, որ այդ գործն անեն։ Տեսեք՝ ինչ է ստացվում, կան պայթեցնող կազմակերպություններ, դրանք մի քանիսն են, որպեսզի նրանք գան պայթեցնեն, Տրանսպորտի նախարարությունը պետք է նրանց գումար տա, դրա համար պետք է անցկացնել մրցույթ, դա ժամանակի խնդիր է։ Առաջարկում եմ նայել ու այս հարցը քննարկել»,- ընդգծեց Ֆ. Ցոլակյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս