Ամուսինը հարվածել է կնոջ դեմքին, մազերից քաշել է, գցել գետնին…
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ամուսնու կողմից կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները: 53-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 07:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչը՝ ծնված 1965թ., տան խորդանոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ հետ, որի ընթացքում մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ հարվածել է 47-ամյա կնոջ դեմքին, մազերից քաշել, գցել գետնին և 4-5 անգամ բռունցքով հարվածել նրա դեմքին: Այնուհետև հատակից վերցնելով խոհանոցային դանակը՝ 53-ամյա տղամարդը քաշել է կնոջ դեմքին՝ պատճառելով ծանր մարմնական վնաս, որն արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 53-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: