Վերաքննիչ դատարանը պատճառաբանված անդրադարձ չի կատարել ներկայացրած բողոքներին․ որոշումը կբողոքարկվի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի ապրիլի 11-ի որոշումը նախօրեին տրամադրվել է պաշտպանական խմբին:
Վերաքննիչ դատարանը չի փոփոխել առաջին ատյանի դատական ակտը, հաստատված է համարել կաշառքի դրվագով հիմնավոր կասկածի ինչպես նաև խուսափելու հիմքի բացակայությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին, որով առաջին ատյանի դատարանը մարտի 15-ին բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, ապա այս մասով պաշտպանական խումբը համամիտ չէ դատարանի որոշման հետ և գտնում է, որ դատարանը չի կայացրել իր լիազորություններից բխող որոշում, ինչպես նաև պատճառաբանված անդրադարձ չի կատարել պաշտպանների ներկայացրած բողոքներին:
Առաջիկա օրերին պաշտպանական խումբը Վճռաբեկ բողոք կներկայացնի:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը բողոքարկել էր մարտի 15-ի առաջին ատյանի դատարանի որոշումը, որով բավարարվել էր ՀՔԾ-ի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման ժամանակը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ:
Միաժամանակ դատարանը մերժել էր պաշտպանական խմբի կողմից գրավը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշյալ որոշմամբ առաջին ատյանի դատարանն արձանագրել էր նաև, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված կաշառքի դրվագով հիմնավոր կասկածը բացակայում է:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբ