
Պորտուգալիայի Մադեյրա կղզում տուրիստական ավտոբուսի վթարից հետո եռօրյա սուգ է հայտարարված

Պորտուգալիայի Մադեյրա կղզու կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել տուրիստական ավտոբուսի վթարից մեծ թվով մարդկանց զոհվելուց հետո։
«Կղզու կառավարությունը արտակարգ նիստի ընթացքում որոշում ընդունեց ապրիլի 18-ից եռօրյա տարածաշրջանային սուգ հայտարարել Կանիսուի շրջանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառով»,- ասված է Facebook սոցցանցում կառավարության էջում զետեղված հայտարարության մեջ:
Ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը Մադեյրայում տեղի է ունեցել ապրիլի 17-ին ժամը մոտավորապես 18:30-ին (Երեւանի ժամանակով 21:30-ին): Ըստ վերջին տվյալների՝ վթարի հետեւանքով զոհվել է 29 մարդ: Զոհվածներից 17 կանայք են: Եվս 22 հոգի վիրավորվել են:
Գերմանիայի ԱԳ նախարարությունը հայտնել է, որ ավտոբուսում եղել են գերմանացի զբոսաշրջիկներ: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, վարորդը կորցրել է կառավարումը, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից ու ընկել տան վրա: Վթարի պատճառը դեռեւս չի պարզվել: Ըստ նախնական վարկածի՝ խափանվել է արգելակման համակարգը: