«Լարսի այլընտրանքային ճանապարհի հետ կապված՝ կա դրական տրամադրվածություն». Հակոբ Արշակյան
«Այլընտրանքային ճանապարհի հետ կապված՝ կա շվեյցարական ընկերության միջնորդությունը, որպեսզի ստեղծվի ճանապարհային միջանցք Ռուսաստանի և Վրաստանի միջև։ Այս ծրագրի մասով կարող եմ ասել, որ վերջին տեղեկությունը ստացել եմ Վրաստանի իմ գործընկերոջից Ժնև կատարած այցի ընթացքում։ Իրենց տրամադրվածությունն ամբողջովին դրական է, և վճարումներն այդ շվեյցարական ընկերությանը, որը միջնորդը պետք է հանդիսանա, արվել են, և դրական տեղաշարժ կա»,- նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե նախարարությունն ի՞նչ քայլեր է իրականացնում Լարսին այլընտրանքային ճանապարհներ գտնելու ուղղությամբ, և այդ գործընթացում ի՞նչ արդյունքներ կան։
Նախարարը դժվարացավ ասել, թե ի՞նչ ժամկետներում և ինչպե՞ս կհանգուցալուծվի հարցը։
Ըստ նրա՝ իր մեկնաբանությունը կարող է վնաս հասցնել այդ բանակցային գործընթացին:
«Ի վերջո, դա երկու հարևան երկրների սահմանն է, և Հայաստանն այդտեղ ընդամենը շահառու կողմ է»,- ընդգծեց Հ. Արշակյանը։
Անդրադառնալով հայ-իրանական երկաթգծի հետ կապված ծրագրին՝ Հակոբ Արշակյանն ասաց, որ այս պահին առաջնահերթությունը դրել են ցամաքային ճանապարհի վրա։
«Եթե մենք շատ հարուստ երկիր լինեինք, զուգահեռ կսկսեինք մտածել նաև երկաթուղու մասին, բայց եթե մենք կառուցում ենք մայրուղի այդ մասշտաբի և այդ կարգի, այս պահին իմ առաջնահերթությունների ցանկում չկա երկաթուղի քննարկելը։ Եթե լինի որևէ առաջարկ, որը դրված կլինի սեղանին, մեծ հաճույքով կքննարկեմ, բայց հաշվի առնելով, որ մեր հարավային մասը լեռնային գոտի է, և անհրաժեշտ է լինելու ներգրավել լուրջ ֆինանսական միջոցներ, և հաշվի առնելով, որ այժմ մենք մեծ ներդրումներ ենք անում Հյուսիս-Հարավ ճանապարհի վրա, թույլ տվեք այդ մասով շատ բաներ չասել, որովհետև ես չեմ տեսել այդպիսի գնահատական, թե ի՞նչ էֆեկտի կբերի դա, որքա՞ն կարժենա, արդյոք արժե՞ կառուցել, թե՞ ոչ։ Ես նման փաստաթղթեր չեմ տեսել»,- ասաց Հակոբ Արշակյանը։
Զվարթ Խաչատրյան