«Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջև դրված խնդիրները». Բակո Սահակյանը Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ամենամյա հաղորդմամբ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ Նախագահի 2018 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ամենամյա հաղորդմամբ:
Բակո Սահակյանը նշել է, որ 2018 թվականին մեր երկրում իրականացվել է մեծածավալ աշխատանք կենսագործունեության բոլոր ոլորտներում, ապահովվել է կայուն առաջընթաց, արձանագրվել են ցուցանիշներ, որոնց հիման վրա մշակվել եւ ներկայումս կյանքի են կոչվում ընթացիկ տարվա ծրագրերը:
Նախագահը մանրամասնորեն ներկայացրել է նաեւ մի շարք ոլորտներում իրականացվելիք նախագծերը եւ համոզմունք հայտնել, որ կհաջողվի դրանք կյանքի կոչել իշխանության բոլոր թեւերի ու տարբեր կառույցների սերտ փոխգործակցության, համակարգված եւ արհեստավարժ աշխատանքի միջոցով:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետության ամենակարեւոր առաջադրանքներից եղել է, կա եւ կմնա երկրի ու ժողովրդի անվտանգության ապահովումը, Պաշտպանության բանակի մարտունակության բարձր մակարդակի պահպանումը ՝ շեշտելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, պահպանել սահմանների անձեռնմխելիությունն ու պետության լիարժեք անվտանգությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության օրենսդիր մարմինն իր ակտիվ դերակատարությունն է ունեցել նախանշված ծրագրերի հաջող իրականացման գործում՝ շնորհակալություն հայտնելով կառուցողական համագործակցության եւ սկզբունքային դիրքորոշման համար: