
Նոտր Դամի աշխատակիցները 23 րոպե ինքնուրույն են փնտրել հրդեհի օջախը. Buzzfeed

Փարիզի Աստվածամոր տաճարի աշխատակիցները 23 րոպե փորձել են ինքնուրույն գտնել հրդեհի օջախը՝ չկանչելով հրշեջների: Այդ մասին հայտնել է Buzzfeed հրատարակությունը: Վերջինիս տեղեկատվությամբ՝ առաջին հրդեհային տագնապը տաճարում հնչել է ապրիլի 15-ի տեղական ժամանակով 18:20-ին, հետագա 23 րոպեների ընթացքում աշխատակիցները փորձել են գտնել բռնկման պատճառը: Սոսկ այն բանից հետո, երբ 18:43-ին հնչել է երկրորդ տագնապը, կրակի օջախը գտել են տաճարի վերին հարկում:
Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհն սկսվել էր ապրիլի 15-ի երեկոյան: Դրա հետեւանքով փլվել է սայրաձողը, լուրջ վնասներ է ստացել կրող կառուցատարրը: Հրդեհը հաջողվել է մարել միայն ապրիլի 16-ի առավոտյան դեմ: Գործողությանը մասնակցել է շուրջ 400 հրշեջ:
Ինչպես հայտնել են հրշեջները, Նոտր Դամի կառուցվածքը եւ արվեստի գլխավոր ստեղծագործությունները, ինչպես նաեւ տաճարում պահվող մասունքները, փրկվել են: Ֆրանսիական զանգվածային լրատվամիջոցների տվյալնեով՝ արտակարգ պատահարը կարող է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:
Դատախազությունը հետաքննություն է սկսել բռնկման հետեւանքով ոչ դիտավորյալ վնաս հասցնելու կապակցությամբ: Ինչպես հայտարարել է հանրապետության դատախազը, տաճարում հրդեհը կանխամտածված չի եղել, առաջնային վարկածը բռնկման պատահական բնույթն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: