«Բարսելոնան» հրաժարվել է իր տրանսֆերային նպատակից
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» ֆուտբոլիստ Լուկա Յովիչը չի տեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
Mundo Deportivo-ի լուրերի համաձայն, կատալոնական ակումբը հրաժարվել է 21-ամյա սերբ ֆուտբոլիստին գնելու մտքից:
«Բարսելոնային» չի տպավորել ֆուտբոլիստի մի շարք հատկանիշները: Խոսքը, մասնավորապես, փոխանցումների, թիմային աշխատանքի, տուգանայիններից հարվածելու մասին է: Կատալոնական ակումբը փնտրում է ավելի շատ ունակություններով ֆուտբոլիստի: Թիմին պետք չէ մի ֆուտբոլիստ, ով միայն կեզրափակի գրոհները:
Կատալոնական ակումբին չի գոհացրել նաև ֆրանկֆուրտյան ակումբի առաջարկած բարձր գինը: Լուրեր են պտտվում, որ Յովիչի ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալը» և «Բավարիան»:
Կատալոնական ակումբի ղեկավարությունը վերջերս պարբերաբար նշում է, որ արդեն փնտրում է Լուիս Սուարեսի և Լեո Մեսսիի փոխարինողներին:
«Ես հասկանում եմ, որ նա մի օր կգա ու կասի, որ ամեն ինչ ավարտվում է: Մեսսին մի օր կավարտի կարիերան: Մենք պետք է «Բարսելոնային» պատրաստենք դրան:
Մենք հրավիրում ենք երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստների, քանի որ պետք է շարունակենք այս դարաշրջանը: Դա մեր պարտականությունն է:
Իմ նախագահության ժամկետը լրանում է 2 տարուց: Ես պետք է պահեմ թիմը շատ լավ կետում և ասեմ հաջորդ նախագահին, որ դա մեր ժառանգությունն է»,- ասել է թիմի նախագահ Բարտոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան