Բաժիններ՝

Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում հարգեցին Ապրիլյան հերոսամարտերի զոհերի հիշատակը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Կալավան գյուղում Ճամբարակի hամայնքապետարանի եւ ԵԿՄ Ճամբարակի մասնաճյուղի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ապրիլյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին:

Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանից, հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2016 թ. քառօրյա պատերազմում զոհված զինծառայողներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի հիշատակին կառուցված խաչքարի մոտ, որը Կալավանում տեղադրվել է 2017 թվականի ապրիլին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի ու Քյարամ Սլոյանի ընտանիքների անդամները, Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանը, քառօրյա պատերազմի կամավորական ջոկատների զորամիավորման ղեկավար, գեներալ- լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, ՀՀ ՊՆ Ճամբարակի զորամասի հրամանատարական կազմը, համայնքի կրթական եւ մշակութային հիմնարկների ներկայացուցիչներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, համայնքի բնակիչներ, հյուրեր:

Միջոցառումը, որը հիմնականում Կալավան եւ Դպրաբակ գյուղերի դպրոցների աշակերտների ազգային եւ հայրենասիրական մտորումների արդյունքն էր, ուղեկցվում էր հայրենասիրական բանաստեղծությունների արտասանությամբ ու երգերով, որոնցում փառաբանվում էր հայ մարտիկների հզոր ոգին, հայ մայրերի հերոսությունը: Ճամբարակ համայնքում զինվորական համազգեստին վերջերս հրաժեշտ տված 14 զորացրված զինծառայող եւ կամավորներ Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելու եւ հայրենիքի սահմաններն անձնվիրաբար պաշտպանելու համար Ճամբարակ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի կողմից արժանացան շնորհակալագրերի:

«Ապրիլյան պատերազմը միանգամից ոտքի հանեց մեր տարածքի կամավորներին, ողջ բնակչությանը: Մարտական գործողությունների մեջ մտան մեր համայնքի բոլոր այն ժամկետային զինծառայողները, ովքեր գտնվում էին մարտական դիրքերում: Մենք ազգովի խոնարհվում ենք մեր հերոս տղաների սխրանքի առաջ, մեծարում բոլոր նրանց, ովքեր զենքի ուժով կասեցրին թշնամուն ու անառիկ պահեցին մեր երկրի սահմանները: Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի պատվին Կալավանում տեղադրված հուշարձանն ամեն տարվա ապրիլին խնկարկումի է կանչում մեզ ու Ճամբարակի կամավորներին, ովքեր Ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն իրականացրին թիվ 116 մարտական դիրքում, որտեղ քաջի մահով զոհվել էին մեր հերոսները: Ոչ ոք չի մոռացվի, ոչինչ չի մոռացվի»,-ներկայացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը:

Ներկաները ծաղկեդրմամբ ու խոնարհումով հարգեցին Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը:

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս