Դատարանը պատրավորեցնում է ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ ապահովել Լիդիանի ազատ մուտքն Ամուլսարի տարածք
«Լիդիան Ինթերնեյշնլը» այսօր տեղեկացրել է, որ ՀՀ վարչական դատարանը որոշում է կայացրել հօգուտ «Լիդիանի»՝ պարտավորեցնելու ՀՀ Ոստիկանությանը վերացնել ներխուժումը եւ հեռացնել անձանց ու նրանց գույքը Ընկերությանը պատկանող տարածքից՝ ապահովելով «Լիդիանի» ազատ մուտքը Ամուլսարի տարածք:
«Լիդիանի» տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2018 թ. սեպտեմբերի 20-ին Լիդիանը հայց էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան, պահանջելով պարտավորեցնել Ոստիկանությանը կիրառել օրենքի պահանջը եւ հեռացնել Ընկերության տարածք ներխուժած ցուցարարներին, որոնք արգելափակել են Ընկերության մուտքը դեպի Ամուլսար: Ընկերությունը բողոքել էր ոստիկանության կայացրած որոշման դեմ, որով ոստիկանությունը հիմնավոր չէր համարել ցուցարարների, նրանց մեքենաների, վրանների եւ տնակների հեռացման եւ դեպի Ամուլսարի տարածք Լիդիանի ազատ մուտքն ապահովելու՝ Լիդիանի պահանջը:
Ապրիլի 10-ին դատարանը որոշում է կայացրել հոգուտ Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի՝ բավարարելով Ընկերության բողոքը:
Դատարանը արձանագրել է, որ հավաքների անցկացման իրավունքի իրացումը բացարձակ բնույթ չի կրում եւ չի կարող իրացվել ցանկացած վայրում, տվյալ դեպքում՝ մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքում՝ առանց օրինական տիրապետողի համաձայնության առկայության։ Ոստիկանությանը հանձնարարվել է հեռացնել ներխուժած անձանց եւ նրանց գույքը Ընկերության տարածքից: Դատարանի որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս անց՝ որոշման չբողոքարկման դեպքում: Մինչ օրս Ամուլսարի շրջափակումը չի վերացվել, ցուցարարները չեն հեռացվել: Լիդիանն ակնկալում է Ոստիկանության կողմից դատարանի որոշման շուտափույթ կատարում:
Լիդիանի Նախագահ եւ Գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Կարրելոն այս առիթով ասել է. «Լիդիանի Ամուլսարի ծրագիրն ապօրինի շրջափակման մեջ է անցյալ տարվա հունիսի 22-ից: Մենք հարգում ենք մարդկանց ազատ կամարտահայտման իրավունքը, այդուհանդերձ վստահ ենք, որ այս իրավունքը չպետք է իրացվի ապօրինի ճանապարհով եւ այլոց՝ տվյալ դեպքում Լիդիանի բաժնետերերի, վարկատուների, աշխատակիցների, համայնքի բնակիչների եւ այլ կողմերի իրավունքների հաշվին: 2018 թ. հուլիսից Լիդիանը մի շարք իրավական գործընթացներ է նախաձեռնել՝ Ընկերության իրավունքները պաշտպանելու նպատակով: Հույս ունենք, որ դատարանի այս երկար սպասված որոշումը կդառնա կարեւոր շրջադարձ այն ապօրինության ու խտրականության վերացման ուղղությամբ, որին Լիդիանը ենթարկվում է 2018 թ. հունիսից: Մենք ակնկալում ենք, որ ոստիկանությունը շուտափույթ կկատարի դատարանի որոշումը»:
Լիդիանը իրավունք է վերապահում լիովին օգտվել հայաստանյան եւ միջազգային օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավական պաշտպանության միջոցներից՝ բոլոր վեճերի լուծման հարցում: Մինչ Հայաստանի իշխանությունները չեն կատարել Վարչական դատարանի որոշումը եւ չեն հեռացրել ներխուժած անձանց Ամուլսարի տարածքից, Հայաստանը կշարունակի այդ մասով հակասության մեջ լինել Հայաստանի եւ Միջազգային իրավունքի շրջանակներում իր պարտավորությունների հետ: