«Վարչապետն ամենուր թշնամիներ է փնտրում». Քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր հեղինակությունն ընկնում է, որի պատճառները մտածմունքի տեղիք են տալիս։
«Ենթադրում եմ, որ վարչապետը մտածում է, թե ինչու է իր հեղինակությունն ընկնում, քանի որ հեղափոխություն է արել, Կառավարությունում ձախողումներ չի ունեցել, դրա մասին նա իր ասուլիսին ասաց, Ազգային ժողովում հեռախոսից կարդում էր այն բոլոր հաջողությունների մասին, որոնք ունեցել է։ Այսքանից հետո հարց է առաջանում, թե ինչու է նրա վարկանիշն ընկնում, որի առնչությամբ վարչապետը մտածում է, որ երևի նախկին իշխանության ներկայացուցիչները միլիոներ են ծախսում, ֆեյքեր են պահում, որոնք մանիպուլյացնելով ժողովրդին՝ իր վարկանիշը նվազեցնում են։ Բնականաբար, վարչապետի մոտ ստեղծվում է հետևյալ պատկերը, որ ինքը ճիշտ է, շրջապատը՝ սխալ, որի դեմ պետք է պայքարել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղտեխնոլոգը։
Ըստ Արմեն Բադալյանի՝ վարչապետն ամենուր թշնամիներ է փնտրում, մի տեղ ԲՀԿ-ն է, մի այլ տեղում՝ Նորագավիթի մաքսատան աշխատող երիտասարդը, մի այլ տեղում՝ ՀՀԿ-ն, որն անձնագիր է տվել տրանսգենդերին, որն այս դեպքում տվել էր ոստիկանությունը, և այլն։
«Վարչապետի մոտ առաջացել է անսխալականության սինդրոմ, նա անգամ իր ելույթներից մեկում նշել է, որ այսօրվա խորհրդարանն այն խորհրդարանը չէ, որը սպասում էր։ Այսինքն՝ վարչապետի մոտ առաջացել է մեկ գաղափար, որ ինքը ճիշտ է, մյուսները՝ սխալ, ինքն ամեն ինչ ճիշտ է անում, բայց մյուսները չեն կարողանում իրեն հասկանալ, և նրանք մեղավոր են, որ իրեն չեն հասկանում»,- շեշտեց քաղտեխնոլոգը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան