Պետությունը գործադրել է անհրաժեշտ ջանքեր. ՄԻՊ-ն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում ապրիլի 5-ի քննարկմանը հաջորդած իրադարձություններին
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խորհրդարանում ապրիլի 5-ին տեղի ունեցած քննարկմանը հաջորդած իրադարձություններից անմիջապես հետո կապի մեջ է եղել Ոստիկանության հետ: Ոստիկանությունը ձեռնարկել է պահանջվող անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ նախաձեռնել է նյութերի նախապատրաստման վարույթ՝ սպառնալիքների ու բռնության կոչերի առնչությամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել քաղաքացու անձնական անվտանգության ապահովման ուղղությամբ: Այս մասին նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, հայտարարության մեջ նշված է. «Ատելության ցանկացած խոսք, ապառնալիք կամ բռնության կոչ անթույլատրելի է: Այս երևույթը հատկապես նկատելի է սոցիալական մեդիայում: Ատելությունը, սպառնալիքը կամ բռնության կոչը չի պաշտպանվում խոսքի ազատության երաշխիքներով:
Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները երաշխավորում են բոլորի հավասարությունն օրենքի առջև և բոլոր քաղաքացիների պաշտպանությունը ցանկացած տեսակի բռնությունից կամ դրա սպառնալիքից:
Ըստ այդմ, պետության իրավասու մարմինները կրում են հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ յուրաքանչյուրի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության ապահովման պարտականություն:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խորհրդարանում ապրիլի 5-ին տեղի ունեցած քննարկմանը հաջորդած իրադարձություններից անմիջապես հետո կապի մեջ է եղել Ոստիկանության հետ: Ոստիկանությունը ձեռնարկել է պահանջվող անհրաժեշտ քայլեր, այդ թվում՝ նախաձեռնել է նյութերի նախապատրաստման վարույթ՝ սպառնալիքների ու բռնության կոչերի առնչությամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել քաղաքացու անձնական անվտանգության ապահովման ուղղությամբ:
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեությունն ունի կարևորագույն նշանակություն: Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ ձևավորված է արդյունավետ համագործակցություն, որն ուղղված է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը: Հանձնաժողովի հետ համատեղ արդեն իսկ քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող կարևորագույն հարցեր (քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում վիճակը և այլն): Այդ հանձնաժողովի գործունեությունը երկրի համար ունի կարևոր նշանակություն, քանի որ դրա ստեղծմամբ պետությունն առավել ընդգծել է մարդու իրավունքների պաշտպանության իր հանձնառությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր արդյունավետ աշխատանքն ինչպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, այնպես էլ խորհրդարանի մյուս հանձնաժողովների հետ:
Խորհրդարանից բացի, շարունակական է լինելու Մարդու իրավունքների պաշտպանի համագործակցությունը նաև ՀՀ կառավարության հետ:
Պաշտպանը լիարժեք աջակցություն է ցուցաբերելու կառավարության այն ջանքերին և իրականացվող ծրագրերին, որոնք ուղղված են երկրի իրավապաշտպան համակարգի բարելավմանը»: