Սոս Ավետիսյանը ԵԽԽՎ-ում կոչ է արել, որ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն

Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ։ Այս մասին ՀՀ ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը հայտարարել է ՝ ելույթ ունենալով ունեցել «Կազմակերպված հանցավորության և փողերի լվացման դեմ պայքարի նոր մարտահրավերների մասին» զեկույցի քննարկման շրջանակում, և կոչ է արել, որ ԵԽԽՎ անդամ երկրները խավիարային կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ գործեր հարուցեն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի գրասենյակից, նա իր ելույթում նշել է.

«Այսօր մենք քննարկում ենք ծավալում ժողովրդավարական հասարակություններին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկի մասին: Ես ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել զեկուցող պարոն Մարթ դե Վենին իր ազնիվ և մանրամասն զեկույցի համար, որտեղ փողերի լվացման խրթին ճանապարհները հայտնաբերված են և կազմակերպված հանցավորության իրական սպառնալիքը միանշանակ գնահատականի է արժանանում: Միաժամանակ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաջ հետաքննող լրագրողներին, որոնք, ցավոք սրտի, կյանքի գնով բացահայտում են այս հանցավոր կապերը, որոնք ամենօրյա ռեժիմով սպառնում են ժողովրդական հասարակություններին:

Կոռուպցիան՝ որպես այդպիսին, նոր երևույթ չէ: Նորությունն այս դեպքում միայն այն արագությունն է, որի պարագայում կոռուպցիան մի երկրում կարող է ազդել ընդհանուր համակարգի վրա: Չնայած այն հանգամանքին, որ փողը չի գնում սեր, բայց դրանով հնարավոր է ձեռք բերել ազդեցություն: Գողացված գույքը և գումարները շատ արագ հայտնվում են օֆշորում, որտեղից տարբեր կեղծ կազմակերպությունների միջոցով այն օգտագործվում է քաղաքական դաշնակիցներ ձեռք բերելու, ճշմարտությանը լռեցնելու և բարեվարքության աղճատման համար:

Ցավոք սրտի, նույնիսկ ԵԽԽՎ-ն զուրկ չէր այս ազդեցությունից: Տխրահռչակ խավիարային դիվանագիտությունը ներխուժել էր այս պատերից ներս, որպեսզի կապի միջազգային հանրության աչքերը Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության, պետության զավթման իրողության, ավտորիտար համակարգի և քաղհասարակության նկատմամբ հալածանքների վերաբերյալ: Սրա հետ մեկտեղ ես պետք է գնահատեմ մեր ջանքերը, որ այս ազդեցությունը մերժել ենք, որի մասին մանրամասն նշվում է 2185 որոշման մեջ:

Թերևս փողի լվացման մեխանիզմ կառուցելու համար հարկավոր է մի շարք անձանց համագործակցություն, սակայն ուրախալին այն է, որ մեկ անձը կարող է այս շղթան բացահայտել: Ես երկրորդում եմ զեկուցողի կոչն առ այն, որ անդամ պետություններն իրենց երկրներում հետամուտ լինեն վերը նշված կոռուպցիոն սկանդալում հայտնված անձանց նկատմամբ համապատասխան գործեր հարուցելուն, որոնք փաստագրվել են Անկախ Հակակոռուպցիոն Մարմնի կողմից: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսի անդամ երկրներում, այլապես մենք շարունակաբար կպայքարենք հետևանքների և ոչ թե իրական պատճառների դեմ: Իհարկե այն պարագայում, որ որոշ անդամ երկրներում կոռուպցիան հանդիսանում է իշխանության հիմնասյուներից մեկը, այս հույսերը արդարացված չեն, սակայն արդ այդ երկրները պետք է մշտապես լինեն միջազգային հանրության ուշադրության ներքո:

Հետևաբար, անդամ երկրներում աշխատանքին զուգահեռ մենք պետք է ուժեղացնենք համաեվրոպական մեխանիզմները, որպեսզի կանխենք փողերի լվացումը և կազմակերպված հանցավորության ազդեցությունը: Ի հավելումն մեր գործիքակազմի, օրինակ՝ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի փորձագիտական խորհուրդը (Moneyval), Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO), ՄԱԿ-ի հակակոռուպցիան, մենք պետք է աշխատենք քաղաքացիական հասարակության հետ, օրինակ Թրանսփարենսի Ինթերնեյշնալի և անկախ հետաքննող լրագողների խմբի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս