Բաժիններ՝

«Իրադրությունը Հայաստանում լիովին վերահսկվում է». ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ «Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները ԱՊՀ տարածքներ տեղափոխվելու մասին

Օրեր առաջ ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում կրած պարտությունից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, մասնավորապես՝ Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի տարածք:

«Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Հայաստանի տարածք»,- ասել էր Օլեգ Իլյինիխը։

Նրա խոսքով՝ ԻՊ անդամները մշակում են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական հարձակումների իրագործման հնարավորություններ ունեցող համաշխարհային ահաբեկչական ցանցի ստեղծման ծրագրեր:

«168 Ժամը» ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետի այս հայտարարության կապակցությամբ հարցումներ էր ուղղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանին և ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

Խնդրել էինք մեկնաբանել ՌԴ ներքին գործերի նախարարության պաշտոնյայի այս հայտարարությունը, ինչպես նաև պատասխանել՝ արդյո՞ք ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ՀՀ Ոստիկանությունը ևս նման տեղեկություններ ունեն, և ի՞նչ աշխատանքներ են տարվում վտանգները կանխարգելելու ուղղությամբ։

Ի պատասխան մեր հարցման՝ ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ  Ս. Գալստյանը պատասխանել էր.

«Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը:

Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է:

Ավելին, մշտական հիմունքներով իրականացվում է այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման պարագայում դրանք անմիջապես կկանխվեն՝ նաև գործընկեր հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների գործընկեր հատուկ ծառայությունների, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կառույցների, այդ թվում՝ ԱՊՀ մասնակից պետությունների Հակաահաբեկչական կենտրոնի հետ»:

Իսկ ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Այվազյանը գրել է.

«ԱՊՀ տարածքում ահաբեկչական բնույթի հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և տեղեկությունների փոխանակման ուղղությամբ ՀՀ ոստիկանությունը սերտ համագործակցություն է իրականացնում ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցագործության և հանցագործությունների այլ վտանգավոր  տեսակների դեմ պայքարում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս