Կրկին փակուղի՝ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում. Որն է հայկական ռազմական նոր դիվանագիտության նպատակը
Մարտի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպումը նոր գործընթացների սկիզբ դրեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում և շփման գծում։ ՀՀ իշխանությունների համար հրապարակայնորեն ի հայտ եկած հակադրություններն ադրբեջանական կողմի հետ կարգավորման հիմնարար սկզբունքների, տարրերի, ինչպես նաև՝ կարգավորման ձևաչափի շուրջ, ստիպեցին փոխել վերջին ամիսներին տարվող հռետորաբանությունը, որի կենտրոնում տարածաշրջանում խաղաղության ձևավորումն էր։
Ներկայումս ևս ՀՀ իշխանությունները չեն հրաժարվել այս առաջնահերթությունից, սակայն նշում են հակառակորդին խաղաղություն պարտադրելու պատրաստակամության մասին։ Փոխված հռետորաբանության հիմնական դերակատարը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն է, ով ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումից հետո չի դադարում զսպող հայտարարություններով հանդես գալ։
Այս օրերին մի քանի անգամ նախարարն ասել է, որ սադրանքի դեպքում հայկական կողմը հակառակորդի հետ կառերեսվի իր տարածքում։ Տոնոյանը խոսել էր գրոհային ստորաբաժանումների ավելացման մասին՝ նշելով, որ դրանք հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումներն են, որոնք անհրաժեշտության դեպքում մեզ հնարավորություն կտան գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք։
«Սանձելու ենք հակառակորդին, որպեսզի հաջորդ անգամ նման քայլերի չդիմի: Խոսքը ոչ ստանդարտ քայլերի մասին է: Անհրաժեշտության դեպքում մեր գրոհային խմբերը կարող են քաոս ստեղծել հակառակորդի թիկունքում»,- ասել էր Տոնոյանը։
Արցախյան կողմը ևս կոշտացրել է հռետորաբանությունը։ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր վերջին հարցազրույցներում ևս հստակ ուղերձներ է հղում ադրբեջանական կողմին։ Նախարարն ասել է, որ կան երեք հիմնական սցենարներ՝ նշելով, որ կարող է հարցը խաղաղ կարգավորվել, խաղաղ կարգավորման ճանապարհով կարող ենք գնալ՝ ստատուս-քվոն կարող է պահպանվել, կամ կա մեկ ուրիշ սցենար, երբ Ադրբեջանը սկսում է պատերազմական գործողությունները, ինչպես եղավ թե՛ 91-94 թվականներին, թե՛ 2016 թվականի ապրիլին, և ստանում է լիարժեք պատասխան մեր կողմից, այսինքն, ըստ նրա՝ դեռևս մենք չենք տեսնում այն ազդանշանները, որ Ադրբեջանը պատրաստ է խաղաղության և խաղաղ կարգավորման, և դրա ապացույցներից մեկը հենց այն է, որ իրենք ընդդիմանում են, որ բանակցային ձևաչափը լիարժեք լինի, և Արցախի Հանրապետությունը մասնակցի այդ հանդիպումներին և բանակցություններին։
«Մնացած բոլոր սցենարներին, մեծ հաշվով, մենք պատրաստ ենք, բայց մեզ համար նախընտրելի է խաղաղ կարգավորումը, և դա պետք է լինի արժանապատիվ խաղաղություն»,- նկատել էր Մայիլյանը։
Արցախի ԱԳ նախարարն ասել էր նաև, որ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ միջնորդները ստիպված լինեն վերականգնել եռակողմ ձևաչափը։ Ադրբեջանական կողմը նույնպես խախտել է վերջին ամիսների պասիվությունը՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ի պատասխան Դավիթ Տոնոյանի՝ նշել էր, որ զինվորականները չպետք է «կրակեն խոսքով»:
«Եթե հայերն անցնեն հարձակման, ապա մենք Տոնոյանի հետ կհանդիպենք Երևանում: Սակայն նրանք հարձակվելու հնարավորություն չունեն»,- ասել էր Հասանովը։
«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը նշեց, թե ինչ զարգացումներ են սպասվում հակամարտության գոտում բանակցային ներկայիս դիրքորոշումների պարագայում։
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ճեղքումներ չէին ակնկալվում նույնիսկ վերջին ամիսների ռազմատենչ հռետորաբանության կրճատման ֆոնին, քանի որ հստակ էր, որ կողմերի դիրքորոշումները կարգավորման հարցի վերաբերյալ չեն փոխվել, ավելին՝ կային ակնկալիքներ երկու կողմում էլ, որ մյուս կողմն իրեն կդրսևորի այլ կերպ, քան նախկինում, քանի որ, ենթադրաբար, նախկին լարվածությունը թուլացել էր։
Բայց, նրա խոսքով, պետք է հասունանար Ղարաբաղյան իրողություններին առերեսվելու պահը, երբ հայկական կողմը նկատեց Ադրբեջանի կեցվածքը բանակցային ձևաչափի վերականգնման, Մադրիդյան սկզբունքների անընդունելիության և մի շարք այլ հարցերի շուրջ։ Լուկիանովի դիտարկմամբ՝ հակամարտության գոտում դիրքորոշումների փոփոխության կամ հստակեցման համար երկար ժամանակ է հարկավոր։
Ներկայումս, Լուկիանովի խոսքով, հենց այդ դիրքորոշումների պատճառով կարգավորման որևէ հեռանկարի հիմքեր չկան։ Նրա համոզմամբ՝ պատմությունը ցույց է տվել, որ արտաքին դերակատարներն անզոր են որևէ լուծում պարտադրելու հարցում։
«Կարծում եմ՝ հակամարտության գոտում միջադեպերի վտանգ միշտ կա, բայց լայնածավալ, երկարատև ռազմական գործողություններ չեն լինի, դրա վառ ապացույցն ապրիլյան քառօրյա պատերազմն էր։
Ըստ իս, անհրաժեշտ է պահպանել փխրուն բանակցային գործընթացը՝ կողմերի միջև անընդհատ շփումները պահպանելու և իրավիճակն անընդհատ կերպով քննարկելու համար։ Իսկ իրավիճակն ընդհանուր առմամբ բարդ է, անկանխատեսելի և երկարատև»,- ասաց վերլուծաբանը։
Իր հերթին՝ գերմանացի քաղաքական վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո եկել է իրատեսականության փուլը կարգավորման գործընթացում։
«Հայկական կողմը՝ փոխելով դիվանագիտությունը, միացնելով ռազմական բաղադրիչ, նպատակ ունի ուժեղ զսպող դերակատարություն ունենալ՝ հասկանալով, որ բանակցային գործընթացն այդքան էլ արդյունավետ և հեղափոխական չէ։ Սա սպասելի էր, որովհետև այնպիսի փոխզիջումներ դեռ ամրագրված չեն, որոնք ընդունելի են կողմերի համար։ Կան նաև մաքսիմալիստական ցանկություններ կարգավորման վերաբերյալ։ Ուստի այն հռետորաբանությունը, որը կիրառվում է բանակցություններին զուգահեռ, արտացոլում է բանակցային անարդյունավետությունը։ Եթե բանակցություններն իսկապես կառուցողական լինեին, նման հռետորաբանության՝ շփման գիծն ամրացնելու կամ ստորաբաժանումներ ավելացնելու մասին խոսակցությունների կարիք չէր լինի։
Սա նշանակում է նաև, որ կողմերը, չգտնելով ներկայումս բանակցային լուծում, պատրաստ են նաև այլ տեսակի լուծման։ Բայց կարծում եմ՝ կողմերին դա ձեռնտու չէ, և չի լինի կարգավորման պատերազմական սցենար։ Սակայն ես չեմ կարծում նաև, որ լինելու է հեշտ բանակցային գործընթաց, քանի որ կան փոխադարձ անընդունելի պահանջներ, կողմերի համար ոչ տեղին սկզբունքներ և տարրեր»,- ասաց Ստյուարտը։
Նրա խոսքով՝ ՀՀ ՊՆ հայտարարություններն առավելապես զսպող նշանակություն ունեն և ոչ այնքան ծրագրային բնույթ են կրում։ Ըստ Ստյուարտի՝ բոլոր քայլերը, որոնք նախանշվում են, ունեն մեկ նպատակ՝ զսպել և աջակցել բանակցային գործընթացում հայկական դիրքերի ամրապնդմանը։ «Այնուամենայնիվ իրավիճակը փակուղային է, այս պահին ելքեր չեն նշմարվում, ապագա զարգացումներ կանխատեսելը ևս բարդ է»,- ասաց նա։