Լոնդոնում հայտարարել են Միջազգային Բուքերյան մրցանակի շորթ-թերթիկը
Գերմանիայից, Լեհաստանից, Կոլումբիայից, Օմանից, Ֆրանսիայից եւ Չիլիից գրողներ են տեղ գտել Միջազգային Բուքերյան մրցանակի շորթ-թերթիկում, որը շնորհվում է անգլերեն լեզվով գրականության բնագավառում: Այդ մասին հայտարարել են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում:
Մրցանակն ստանալու հավակնորդների թվում հայտնվել է դրա անցյալ տարվա դափնեկիրը՝ լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը՝ «Գութանով անցիր մեռածների ոսկորների վրայով» վեպով, որն առաջին անգամ հրապարակվել է 2009 թվականին: Մրցանակի մյուս անվանակարգորդների թվում են՝ գերմանացի գրող եւ բանաստեղծուհի Մարիոն Պոշմանը՝ «Սոճու կղզիները» վեպով, կոլումբիացի Խուան Գաբրիել Վասկեսը՝ «Փլատակների ձեւը» վեպով, Օմանից գրող եւ դասախոսուհի Ջոհա ալ-Հարթհին՝ «Երկնային մարմիններ» վեպով, ֆրանսիացի գրող Աննի Էռնոն՝ իր «Տարիները» վեպով, ինչպես նաեւ չիլիացի մանկագիր, հրատարակիչ եւ իրավաբան Ալիա Տրաբուկո Սերանը՝ «Չապրվածը» վեպով: 2019 թվականի մրցանակակրին կհայտարարեն մայիսի 21-ին՝ Լոնդոնի Roundhouse համերգասրահում կազմակերպվող հանդիսավոր ընթրիքի ժամանակ:
Ի տարբերություն Բուքերյան մրցանակի, որը հիմնվել է 1969 թվականին եւ ամեն տարի շնորհվում է նախկին Բրիտանական Համագործակցության երկրների գրողներին, Միջազգային Բուքերյան մրցանակը հիմնվել է 2004 թվականին եւ ընդհուպ մինչեւ 2016 թվականը հանձնվում էր երկու տարին մեկ անգամ: Այժմ այն ամեն տարի շնորհում են գրականության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար: Հաղթող կարող է դառնալ ցանկացած գրքի հեղինակ, որը թարգմանվել է անգլերեն եւ հրապարակվել Միացյալ Թագավորությունում կամ Իռլանդիայում: Մրցանակի դրամական բաղադրիչը կազմում է 50 հազար ֆունտ ստեռլինգ (65,8 հազար դոլար). այն բաժանում են հաղթող գրողի եւ թարգմանչի միջեւ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: