Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների պահանջին
Հայտարարություն
Օրերս հայտնի դարձավ, որ մանկապատանեկան մամուլը՝ ի դեմս «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների, չի ստացել տպագրության համար պետական բյուջեով նախատեսված մոտ 40 մլն դրամը։
Նրանց խմբագիրների տեղեկացմամբ՝ գումարը համամասնորեն իրենց տրամադրելու փոխարեն՝ առաջարկել են մասնակցել տենդերի, այն դեպքում, երբ դեռևս 1990թ. ՀՀ Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել պետական հովանավորության ներքո վերցնել վերոնշյալ մանկապատանեկան մամուլը։
Տարակուսելի է, որ մրցույթն իրականացրած հանձնաժողովում, ըստ խմբագիրների, եղել են ֆինանսիստներ, և նրանց հետաքրքրել է, թե որքան քիչ գումարով կարելի է մանկապատանեկան ամսագիր տպագրել։ Մրցույթին չի մասնակցել ոչ Կրթության և գիտության, ոչ մշակույթի ոլորտի մասնագետ, ոչ էլ Գրողների միությունից մեկը։
Նշված պարբերականների խմբագիրները նաև նամակ են գրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով հարցին լուծում տալ, չեղյալ համարել մրցույթն ու շարունակել 1990 թվականից պետական հատուկ կարգավիճակ ունեցող մանկապատանեկան պարբերականների պետական ֆինանսավորումը:
Տասնամյակներ շարունակ նշված պարբերականները կրթել են սերունդներ, երեխաներին սովորեցրել լրագրության առաջին քայլերն ու օգնել ուսուցիչներին, ունեն ձևավորված ավանդույթներ, աշխատակազմ, աշխատելու ոճ ու ընթացիկ ծրագրեր, և այժմ անհասկանալի մարդկանց ու կազմակերպությունների այդ գործընթացին ներգրավելը՝ միայն այն տրամաբանությամբ, որ քիչ գումար ծախսվի, հարվածում է նախ և առաջ՝ մատաղ սերնդի շահերին։
Ինչպես ԱԺ նախագահին նամակ հղած խմբագիրների, այնպես էլ մեզ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը մանկապատանեկան մամուլի համար հասանելիք գումարները տենդերով բաշխում, և արդյո՞ք ամեն տարի տենդեր հայտարարելը կնպաստի մանկապատանեկան մամուլի ռազմավարության մշակմանն ու իրականացմանը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը միանում է «Ծիծեռնակ», «Կանչ» և «Աղբյուր» պարբերականների պահանջին ու կոչ է անում վերականգնել ֆինանսավորման նախկին ձևը, քանզի խելամիտ չէ մանկապատանեկան մամուլի վրա գումարներ տնտեսել։ Այս պարագայում գերակա պետք է լինի երեխայի շահը, և այն ոչ մի դեպքում չպետք է ստորադասվի այլ նպատակների։
Եթե նախարարությունը մանկապատանեկան այդ լրատվամիջոցներն իրապես արդիականացնելու, նորովի զարգացնելու խնդիր էր դրել իր առջև, որի անհրաժեշտությունն օբյեկտիվորեն կա, ապա այդ մասին պետք է քննարկումներ կազմակերպեր հենց նշյալ խմբագրակազմերի հետ՝ նոր նախագծեր, նոր գաղափարներ և ծրագրեր ներկայացնելու պահանջով՝ նպաստելով դրանց առաջխաղացմանը։ Բնականաբար, խմբագրակազմերն էլ իրենց ստեղծագործական և պարբերականների իրացման հետ կապված խնդիրների մասին կպատմեին, փոխադարձ առաջարկներ կներկայացնեին, և տասնամյակների գործունեություն և ժամանակին մեծ հեղինակություն վայելող մանկապատանեկան լրատվամիջոցները նոր շնչով կհրապարակվեին՝ հասնելով իրենց ընթերցողին։
Սաթիկ Սեյրանյան
ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ
10.04.2019