Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. մեկնել է չորս մարտական հաշվարկ
Ապրիլի 10-ին, ժամը 01։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ թաղամասի 35-րդ փողոցի թիվ 127 հասցեում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկի բնակարաններից մեկում (վարձակալ՝ Ն.Ղ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։32-ին, մարվել՝ 01։54-ին։
Այրվել են 4-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը, հարակից բնակարանի հյուրասենյակը (25 քմ) և խոհանոցը (8 քմ)՝ գույքով, ինչպես նաև 5-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի շրջանակը (2.5 քմ): 4-րդ հարկի ընդհանուր միջանցքը (20 քմ) ջերմահարվել է:
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայրում գտնվող քաղաքացիներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: