«Իհարկե, պաշտպանում ենք, նա մեր քաղաքացին է». մանրամասներ հանդիպումից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հետ նախորդ օրը ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպումը ղարաբաղյան խնդրի մասով անցել է բավականին ստանդարտ մտքերի փոխանակման շրջանակում, հնչել են նույն մտքերը, ինչ ԵԿՄ համագումարում եւ հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում։
Փաշինյանը հարկ է համարել շեշտել 2 միտք` Դավիթ Տոնոյանի հայտարարությանն առնչվող՝ «այլ կերպ չէր կարող լինել, պետք է այդպես պատասխանել ադրբեջանական ռազմական հռետորաբանությանը», եւ որ ինքը չի շարունակում Սերժ Սարգսյանի կիսատ թողած տեղից, այլ սկսում է զրոյական կետից՝ ոչ թե փոխում է բանակցային ֆորմատը, այլ վերադառնում են բուն ֆորմատին` Ղարաբաղի մասնակցությանը:
Առավել հետաքրքիր է եղել «տրանսգենդերային» հատվածը։ Խնդիրն արծարծել է «Իմ քայլի» «սորոսական» հատվածը, ասել են, որ դա կազմակերպվել էր ԲՀԿ-ի` Նաիրա Զոհրաբյանի կողմից, եւ իրենք առնչություն չունեն դրան:
Փաշինյանը թիմակիցներին հորդորել է՝ հանրությանը ներկայացնել իրենց հակափաստարկները, բացատրել, որ «Իմ քայլը» որեւէ առնչություն չունի` հավելելով.
«Բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ Լիլիթ-Վաղոն եթե վաղը հիվանդացավ, սկոռի կանչո՞ւմ ենք, թե՞ չէ, բուժո՞ւմ ենք, թե՞ չէ, եթե նրան կողոպտում են, նրան պաշտպանո՞ւմ ենք, թե՞ չէ։ Իհարկե, պաշտպանում ենք, որովհետեւ նա մեր քաղաքացին է»:
Ի դեպ, Փաշինյանը չի շրջանցել նաեւ Նաիրա Զոհրաբյանի թեման, ասելով` ըստ էության, նա կապ չունի մարդու իրավունքների հանձնաժողովի հետ, եւ ԲՀԿ-ն պետք է քննարկի` արդյո՞ք նա հարմար թեկնածու է, թե՞ ոչ: Ներկաները հետաքրքրվել են, թե որն է եղել վարչապետի աշխատակազմի 3 աշխատակիցների` Ալեքսանդր Մխիթարյանի, Արթուր Սարգսյանի, Մարգարիտ Ազարյանի աշխատանքից ազատման պատճառը: Փաշինյանն ասել է` ես կարող եմ մեկ անգամ մարդուն հանձնարարություն տալ, չկատարի, 2 անգամ, 3, 4, 5-րդ անգամ կհանեմ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: