
Նվազագույնը մեկ տարի ծառայած զինվորներին մարտական հերթապահության ուղարկելու ԲՀԿ նախագիծը բացասական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողում

ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորներ առաջարկում են, որ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնեն միայն նվազագույնը մեկ տարի ծառայություն անցնելուց հետո: Սակայն նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացավ:
Հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը: Նախագիծը հանձնաժողովում ստացավ բացասական եզրակացություն:
«Այս նախաձեռնությամբ մենք կարողանալու ենք մեր մարտական հերթապահությունում փոփոխություններ իրականացնել, դրա արդյունքում մենք կարողանալու ենք մարդկային կյանքեր փրկել: Առաջարկվում է, որ մեկ տարի ծառայություն անցնելուց, փորձառություն, հմտություն ստանալուց հետո նոր զինծառայողները հնարավորություն ունենան մարտական հերթապահություն կատարելու: Մենք կարծում ենք, որ 18 տարին չափազանց փոքր տարիք է, որ անձը մարտական հերթապահություն իրականացնի: Այս սկզբունքը պահելով մենք չենք ունենա մի շարք դժբախտ պատահարներ»,-ասաց Էնֆիաջյանն ու հավելեց, որ ուսումնասիրել է միջազգային, հատկապես Իսրայելի փորձը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նկատեց, որ քանի որ խոսքը վերաբերում է երկրի անվտանգությանը, հստակ թվեր են պետք՝ հասկանալու, թե եղած ռեսուրսը բավականացնում է, թե ոչ: Նա նաև նկատեց, որ 5 ամսվա փոխարեն ուսումնական փուլը 1 տարում իրականացնելը ենթադրում է ծրագրային փոփոխություններ: Էնֆիաջյանը նշեց, որ գիտակցում են, որ բավականին լայնածավալ աշխատանք է սպասվելու, որը կլինի իրավական ակտերով:
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ օրենսդրական նախաձեռնության հիմնավորումների մեջ որևէ վերլուծություն չեն տեսել, թե ինչից է ծագել այդ խնդիրը: «Էնֆիաջյանի խոսքում ես զգացի տպավորություն, որ զինծառայողները անպատրաստ են լինում և 5 ամսվա ուսումնական փուլն անցնելուց հետո քննություն հանձնելուց հետո մարտական հերթապահության են ընդգրկվում: Ես ուզում եմ փարատել այդ կասկածները, եթե ուսումնական փուլն անցնելուց հետո զինծառայողի գիտելիքների գնահատումը բավարար չափով չի լինում, նա այդ հերթապահության մեջ չի ընդգրկվում»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ կարծում են, որ այս պահին օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա: