«Եթե պարզվի, որ ամբողջ այս աղմուկի տակ թաքնված «օրինականության պահանջը» անձնական մոտիվացիա ուներ, դա շատ վատ կլինի». Գործարարը՝ «Սպայկայի» մասին
Գործարար Վարդան Գևորգյանը, ով շինարարական ոլորտում արտադրող և ներկրող հայտնի ընկերություններից մեկի գործունեությամբ է զբաղվում,«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները իբրև նախազգուշական միջոցառում է համարում բոլոր գործարարների համար, ասում է՝ երեկվանից տագնապի մեջ են բոլորը:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո, թվում է՝ պիտի ավելի խաղաղ աշխատեին, պիտի կենտրոնանային կարողություններն ուժեղացնելու վրա, նոր ներդրումների մասով աշխատանքներ տարվեին, բայց երեկվա աղմկոտ իրադարձություններից այլ մեսիջ են ստացել գործարարները՝ կապել ամրագոտիները և սպասել իրենց հերթին:
«Եթե այս սկզբունքով է օրվա իշխանությունն առաջնորդվում, ուրեմն այսօրվա բոլոր գործարարները «կանգնած են նույն դատաստանի առաջ». բոլոր նրանք, ովքեր աշխատել են այս տարիների ընթացքում, պիտի գնան պատասխանատվության ենթարկվեն… որովհետև եղել է պահանջ, եղել են խաղի կանոններ, իրենք էլ գիտեն այդ ամենը, մաքսայինում ուրիշ պահանջ է եղել՝ ասենք, բրոկերական կազմակերպություն և այլն, մեկ ուրիշ վայրում այլ պահանջ է դրվել,«սիստեմ» է եղել որոշակի, որն ամեն դեպքում կայունություն է երաշխավորել, ու այս մարդիկ նաև հարկադրված աշխատել են այդ «սիստեմի պայմաններում», որովհետև այլընտրանք չեն ունեցել:
Ու այսօր բոլոր գործարարները, փաստորեն, պիտի սկսեն անհանգստանա՞լ, որովհետև ժամանակին ինչ-որ դեպքում հարկայինում կամ մաքսայինում գործարքը սիստեմի առաջադրած պահանջով են կատարել: Սա՞ է մեր առաջադրանքը: Եթե այսօր այլ իրականության մեջ ենք, փոխվել է խաղի կանոնները,իրենք համարում են, որ գործարարին ընդառաջ են գնում, որովհետև բոլորիս շահը տնտեսությունը զարգացնելն է, ուրեմն թող ասեն՝ վերջ, գիծ ենք քաշում և սկսում ենք նոր էջից… բնականաբար, բոլոր գործընկերները կաշխատեն սիրով, բայց իրականությունը կարծես մի տեսակ այլ բան է հուշում… ստացվում է՝ ամեն ինչ սուտ է, գործարարին քաջալերողներ չունենք, մեզ ներդրումներ պետք չեն, տնտեսության աշխուժացումը օրակարգային չէ: Մենք, փաստորեն, անձնական խնդիր ենք լուծում… ես «Սպայկայի» դեպքն այդ ռակուրսով եմ դիտարկում: Բայց մեզ երաշխիքներ են պետք, մենք տագնապի մեջ ենք:
Նախկին կայուն սիստեմի մեջ, կրպակներից մինչև արտադրող, արտահանող, շինարարական ոլորտ, բոլոր գործարարներն են ներգրավված եղել, չկա ոլորտ, որ այլ մեթոդով է աշխատել: Կնշանակի՝ մենք էլ ենք վտանգի մեջ: Ես վստահաբար եմ պնդում, այսպիսի բռնի գործողությունները էականորեն վնասում են մեր վարկանիշը, նույնիսկ տուրիստը, որ ՌԴ-ից ուզում է գալ Հայաստան, զանգում-ասում է, լավ, երևի հետաձգենք մեր գալը, մինչև ձեր մոտ էդ միտինգները, շուխուռները կանցնեն, կխաղաղվեն: Ոչ մի ներդրողի հաճելի չէ անկայուն, լարված մոտեցումները: Կառավարությունը, որ այդքան հակված է ներդրումային ֆոն ստեղծել, պիտի իր ամենօրյա աշխատանքով ցույց տա, որ ներդրումային միջավայր է ստեղծվում:
Արդյոք ավելի անաղմուկ, զուտ իրավական դաշտում՝ առանց կոշտ գործողությունների, հնարավոր չէ՞ր կառուցողական մթնոլորտում այդ հարկատուի հետ քննարկել, և գանձումների միջոցով իրավիճակին լուծում տալ։ Իհարկե, հնարավոր կլիներ։ Մենք տեսանք, թե քանի անգամ հրապարակային այդ կալանավորված տնօրենը չժխտեց, որ չվճարած հարկեր կարող է լինեն:
Մարդը հայտարարեց՝ քանի անգամ դիմել-խնդրել եմ՝ եթե հարկեր կան թաքնված, եկեք քննարկենք, հիմնավորեք, տալու բան ունեմ՝ ասեք՝ ինչքան, և մինչև վերջին կոպեկը պատրաստ ենք վճարել: Բայց պետությունը հակված չէր անաղմուկ քննարկման, այդպես չի կարելի, մենք գործ ունենք պետության ռեսուրսների հետ, ներքին ուժերը պետք չէ ջլատել: Եթե պարզվի, որ իսկապես այս ամբողջ աղմուկի տակ թաքնված «օրինականության պահանջը» անձնական մոտիվացիա ուներ, դա շատ վատ կլինի։ Եթե ընդհանուր սկզբունք է կիրառվում, թե՝ տեսեք, բոլորդ այս թրի տակով եք անցնելու, դարձյալ շատ վատ բան է լինելու:
Երկու դեպքում էլ օրինականության պահանջը ուրիշ լեզվով էր պետք բացատրել: Բա մենք արդարության սկզբունքի համար էինք կռիվ տալիս, ուրեմն ո՞ւր մնաց այս սկզբունքը… Բոլոր գործարարներին սա խիստ նախազգուշացում էր, որ՝ ով այդ թույլ տեղը ունի, ուրեմն իմանա, որ այս միջոցառումները հաջորդը իր մոտ են կազմակերպելու»,- ասաց մեր զրուցակից գործարարը:
Սյուզի Բադոյան