
Ցանկանում եմ «Մանկական ձայնը» հեռուստանախագծում անպայման հաղթել. Միշա

Արցախցի Միքայել Գրիգորյանը (Միշա) երգարվեստում իր առաջին քայլերը սկսել է «Արցախի ձայներ» երաժշտական համույթում ՝ չորս տարեկանից:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Միշան և նշել, որ սկզբնական շրջանում ինքն այնքան էլ վստահ չէր երգում, սակայն հետևելով «Արցախի ձայներ»-ի աշխատանքներին, նա աստիճանաբար սկսել է կապվել երգարվեստին: Փոքրիկ երգիչը մինչ այսօր էլ համույթի անդամ է:
Ըստ Միշայի, երաժշտությունն իր համար արդեն դարձել է կենսակերպ: Նրա ծնողները երաժիշտներ են, և նրանց ազդեցությունն էլ կա Միշայի վրա:
Երգիչն այն կարծիքին է, որ եթե ինքը չընտրեր երգարվեստը, ապա հետագայում որպես մասնագիտություն կընտրեր մաթեմատիկան: Չնայած իր փոքր տարիքին փոքրիկ ղարաբաղցին հասցրել է ունենալ մի շարք ձեռքբերումներ:
Մ. Գրիգորյանն ասել է, որ 2016 թվականին «Մանկական նոր ալիք» նախագծում ինքը ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել պատվավոր երկրորդ տեղը: 2017թ–ին էլ մասնակցել է «Մանկական Եվրատեսիլ»-ին և զբաղեցրել 6–րդ հորիզոնականը: Այժմ մասնակցում է Ռուսաստանի «Առաջին ալիք»-ով հեռարձակվող «Մանկական ձայնը» հեռուստանախագծին, որտեղ Փոքրիկ Ղարաբաղցին անցել է եզրափակիչ փուլ: Նա ընդգրկվել է Վալերի Միլաձեի թիմում, ում հետ, ըստ մեր զրուցակցի, աշխատելը բավականին հեշտ է:
«Ես նպատակ ունեի հասնել եզրափակիչ փուլ, և հասա: Երբ ժյուրին մեծաթիվ պատանի երաժիշտներից ընտրում է քեզ, հպարտության մեծ զգացում ես ապրում: Ես հպարտ էի ոչ միայն ինձ համար, այլև իմ հայրենիքի, իմ ժողովրդի: Աշխատելու եմ եզրափակիչ փուլին անպայման ամրապնդել հաղթանակս: Ես գիտեմ, որ վայելում եմ ողջ հայության աջակցությունը, որն էլ ինձ մեծ ուժ և ոգևորություն է տալիս»,-մասնավորապես ասել է Մ. Գրիգորյանը:
Զրույցի վերջում Մ. Գրիգորյանը վստահեցրել է, որ ինքը ցանկանում է «Մանկական ձայնը» հեռուստանախագծում անպայման հաղթել, և այդ հաղթանակը նվիրել համայն հայությանը: