Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերն իրենց տեղը կգտնեն դանիական շուկայում
Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերը շուտով կարտահանվեն Դանիա: Նախաձեռնությունը Հայ-Դանիական ասոցիացիայի հիմնադիր և համանախագահ, «HEY JAJ IVS» ձեռնարկատիրական ընկերության տնօրեն Աննա Կարապետյանինն է, ում միացել են դանիացի գործընկերները:
«Նախաձեռնությունը սովորաբար առաջանում է բուռն ցանկությունից, որ երկրիս համար լինեմ օգտակար։ Չէ որ երկիրը ոտքի կանգնեցնելու համար յուրաքանչյուր հայ, անհատ պետք է իր ներդրումն ունենա, իր չափով՝ կլինի դա մեծ թե փոքր։ Առաջի քայլերը սկսեցի բարեգործական բեռնարկղեր ուղարկելով, ինչը առաջիկայում ևս սպասվում է։ Ամեն Հայաստան այցելելուց նոր արտադրանքներ էի տեսնում: Այստեղ մենք ունենք ըմպելիքներ, որոնք հիացնում են իրենց որակով, համ ու հոտով»,- «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց Աննա Կարապետյանը:
Նա որոշեց Հայաստանի որակյալ արտադրանքը ներկայացնել Դանիայում, որտեղ ապրում է ավելի քան 25 տարի։ Ինչպես ինքն է ասում, Դանիան իր երկրորդ տունն է, որտեղ ունի դանիացի շատ բարեկամներ ու ընկերներ, և ցանկություն առաջացավ իրենց էլ հնարավորություն տալ ճանաչելու հայկականը:
Դանիական շուկայում հայկական արտադրանքի մեծ տեսականի չկա: Հիմնականում ոգելից խմիչքների մի քանի տեսակ է ներկայացված: Շուտով, այս նախաձեռնության շնորհիվ դանիացի սպառողները հնարավորություն կունենան հայկական արտադրության նոր տեսականին համտեսել: Արդեն Հայաստանի տեղական ընկերությունների հետ նախնական պայմանավորվածություններ կան, ամենայն հավանականությամբ ապրանքների առաջին խմբաքանակը Դանիա կարտահանվի մայիսին:
«Արտահանման հետ մեր պայմանավորվածությունը կապված է թղթաբանական խնդիրների հետ, քանի որ մեր ձեռնարկատիրական ընկերությունը դեռ նոր է: Բայց կարծում եմ, որ կարճ ժամանակում կլուծվեն այդ հարցերը։ Քանակի առումով բնականաբար կլինեն որոշակի նախնական փոքր քանակությամբ արտահանման առաջին փորձերը և հետո աստիճանաբար և քանակը և տեսականին կավելացնենք: Ակնկալիքներս շատ մեծ են: Կարծում եմ, որ ոչ միայն ըմպելիքներ և ոգելից խմիչքներ կարտահանվեն այլ տեսակի սննդամթերքներ և նաև ինչու չէ բամբակեղեն։ Նախաձեռնությունը միանշանակ դրական է»,-ասաց Աննա Կարապետյանը:
Աննա Կարապետյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, ստեղծված նոր իրավիճակը ոգեշնչում է, ոգևորում նոր գործ սկսելու, ինչ-որ հարցում աջակցելու համար:
«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ցնցեց ողջ աշխարհը: Այդ օրերին լարված էինք բոլորս։ Հավատացեք, որ չէինք հեռանում համակարգչի կողքից, հեռախոսները հերթով շարում էինք իրար կողք և սպասում տեղեկությունների։ Դանիացիները հիացմունքով արձագանքեցին, նկատելով, որ հայերը ուժեղ և ինտելեկտով հարուստ ժողովուրդ են։ Աշխարհում չլսված մի հեղափոխություն եղավ, որտեղ ազգը ոչ մի կորուստ չարձանագրեց: Այո, վստահաբար կարող եմ ասել, որ այս նոր իրավիճակը վստահություն առաջացրեց շատերի մոտ: Այդ իսկ պատճառով իմ դանիացի ընկերներ Յաննիկ Էվերսը և Յեսպեր Նիկոլայսենը միացան իմ գինու և հյութերի ներմուծման նախաձեռնությանը և առաջարկեցին ներմուծել նաև գարեջուր, հայկական անմահական ջուր: Իսկ մեր համագործակից որոշ քաղաքական գործիչներ ցանկություն հայտնեցին միանալ այլ նախագծով՝ «կանաչ Էներգիա» և հողմաղացներից էլեկտրաէներգիա ստանալու գաղափարով»,-ասաց Աննա Կարապետյանը:
Աննա Գզիրյան