Եվրոպայի բիզնեսն սկսել է բոյկոտել Բրունեյի սուլթանին շարիաթի նորմերի կիրարկման համար. Deutsche Welle
Եվրոպայի անշարժ գույքի գործակալությունները եւ տրանսպորտային ընկերություններն, ինչպես նաեւ Deutsche Bank-ը եւ Financial Times թերթի հրատարակիչը փաստորեն բոյկոտ են հայտարարել Բրունեյի սուլթանին՝ բողոքելով այդ երկրում քարկոծման միջոցով մահապատժի սահանման դեմ՝ միասեռ կապերի եւ ամուսնական դավաճանության համար: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն:
Ռադիոկայանի տվյալներով՝ բոյկոտն արտահայտվում է լյուքս կարգի ինը հյուրանոցների ծառայություններից օգտվելուց հրաժարմամբ, որոնք պատկանում են Brunei Investment Agency ընկերությանը, որոնց հիմնադիրը Բրունեյի սուլթան Հասանալ Բոլքիահն է: Այդ հյուրանոցները գտնվում են այդ թվում՝ Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Բեւեռլի Հիլզում եւ Լոս Անջելեսում:
Բացի դրանից, Մեծ Բրիտանիայի STA Travel տուրիստական ընկերությունը, որը ճանապարհորդություններ է կազմակերպում երիտասարդության եւ ուսանողների համար, որոշել է դադարեցնել ավիատոմսերի վաճառքը Բրունեյի Royal Brunei ազգային ավիաընկերության չվերթների համար: Բացի դրանից, Լոնդոնի մետրոյում եւ ավտոբուսներում հրաժարվել են Բրունեյ ուղեւորությունների գովազդից:
Ավելի վաղ դաժան օրենքի դեմ բողոքի կոչ են արել բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը, եւ դերասան ու ռեժիսոր Ջորջ Քլունին:
Ապրիլի սկզբին Բրունեյում ուժի մեջ են մտել նոր օրենքներ, որոնք խստացրել են քրեական օրենսգիրքը՝ հենվելով շարիաթի օրենքների վրա: Այժմ միասեռ սեքսի համար չափահաս տղամարդկանց եւ կանանց սպառնում է մահապատիժ քարկոծման միջոցով: Ամուսնական դավաճանության կամ բռնաբարության համար նույնպես սպառնում է մահապատիժ, իսկ գողության համար՝ ձեռքերի եւ ոտքերի անդամահատում: Պատժի խստացումը կվերաբերի ոչ միայն երկրի բնակիչներին, այլեւ օտարերկրացիներին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: