
Ուկրաինայում սկսվել է քարոզարշավը նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ

Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահի թեկնածուներին թույլատրել Է ապրիլի 8-ից քարոզարշավ ծավալել ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը կկայանա ապրիլի 21-ին: Այդ մասին հայտնել է ԿԸՀ-ի մամուլի ծառայությունը:
«Այսօրվանից թույլատրված է քարոզչությունը նախագահի ընտրությունների երկրորդ փուլից առաջ»,-ասել են ԿԸՀ-ում: Քարոզչությունը թույլատրված է մինչեւ ապրիլի 19-ը ներառյալ, հավելել են մամուլի ծառայությունում: Ընտրությունների՝ մարտի 31-ին կայացած առաջին փուլի ընթացքում շոումեն Վլադիմիր Զելենսկին հավաքել է ձայների 30,24 տոկոսը, Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 15,95 տոկոսը:
Մինչեւ ապրիլի 21-ը պետության ղեկավարի պաշտոնի երկու թեկնածուները պարտավոր են իրենց ներկայացուցիչների թեկնածությունները ներկայացնել նորացված տարածքային հանձնաժողովներում: Տարածքային հանձնաժողովներն իրենց հերթին հաստատում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նոր կազմը եւ անմիջականորեն ձեռնամուխ լինում ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: