Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարացրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են այդ երկրում «մարդու իրավունքների խախտման կապակցությամբ»: Այդ մասին ասված է ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ, որն ապրիլի 8-ին տարածվել է Բրյուսելում:
«Այսօր Խորհուրդը մինչեւ 2020 թվականի ապրիլի 13-ը երկարացրեց ԵՄ-ի սահմանափակիչ միջոցները ի պատասխան Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումների»,-նշվում է փաստաթղթում:
Խորհուրդը հիշեցնում է, որ Իրանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները սահմանվել էին 2011 թվականին այդ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով: Դրանք գործում են 82 մարդու եւ մեկ կազմակերպության նկատմամբ:
Այս սեւ ցուցակի բոլոր ֆիգուրանտներին արգելված է մուտքը Եվրամիության տարածք, իսկ նրանց ֆինանսական ակտիվները ենթակա են սառեցման, եթե հայտնաբերվեն եվրոպական բանկերում:
Բացի այդ, պատժամիջոցներն արգելք են նախատեսում Իրանին այնպիսի սարքավորումների մատակարարումների վրա, որոնք կարող են օգտագործվել երկրի ներսում «բռնաճնշումների», ինչպես նաեւ հեռահաղորդակցությունների նկատմամբ լրտեսություն իրականացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: