«Սա Հայաստանի հեղինակությանը, ներդրումային միջավայրի և տնտեսական անվտանգության դեմ ուղղված քայլ է». «Սպայկա»
«Սպայկա» ընկերության և աշխատակազմի հայտարարությունը՝ ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման կապակցությամբ
«Հարգելի հայրենակիցներ և գործընկերներ,
Այսօր ՊԵԿ-ի քննչական ծառայության միջնորդությամբ Կենտրոն դատարանի որոշմամբ Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հանդեպ կիրառվեց ոչ օրինաչափ կալանք քրեաիրավական գործիքը: Սա խոսում է ՊԵԿ-ի բիրտ և դատական համակարգի փտած գործելաոճի մասին:
Ընկերության տնօրենը որևէ կերպ երբևէ չի խոչընդոտել քննչական որևէ գործողությանը և բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել ՊԵԿ-ի հետ յուրաքանչյուր հարցադրման պարզաբանման ուղղությամբ, բայց փոխարենը ՀՀ Պետեկամուտների ծառայությունը գերադասում է գործարարի հետ խոսել վախեցնելու, պարտադրելու վայրի ՀԻՆ մեթոդներով:
Մեր ընկերության հեղինակությանը հասցվել է անդառնալի վնաս, ընկերությանը հասցվել է ֆինանսական ահռելի վնաս, ՊԵԿ-ը իր այս մեթոդներով խաթարում է ընկերության բնականոն գործունեությունը և սպառնալիք ստեղծում ընկերության գոյությանը:
Մենք օրենքի սահմաններում պայքարելու ենք ընկերության տնօրենի՝ կալանքից անհապաղ ազատման համար:
Մենք պահանջելու ենք պատասխանատվության ենթարկել այս վայրագության հեղինակներին: Մենք պահանջելու ենք Հայաստանին, մեր ընկերությանը և մեր գործընկերներին հասցված բոլոր վնասների փոխհատուցում: Մենք կոչ ենք անում մեր հայաստանյան և արտասահմանյան բոլոր գործընկերներին և այս վայրագությամբ մտահոգված հանրությանը հանդես գալ ՊԵԿ-ի այս գործելաոճը դատապարտող հայտարարություններով:
ՊԵԿ-ի նման գործողությունը մի մարդու նկատմամբ, ով Նոր Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում փաստացի կատարել է ավելի քան 90 միլիոն դոլարի ներդրում, ստեղծել է ավելի քան 600 աշխատատեղ և պատրաստվում էր 2019թ-ին կատարել ևս 100 մլն դոլարի ներդրում ու ստեղծել լրացուցիչ 1000 աշխատատեղ արտահանող գյուղատնտեսության ոլորտում, մենք բնութագրում ենք որպես անմտածված վայրագություն և Հայաստանի հեղինակությանը, ներդրումային միջավայրի և տնտեսական անվտանգության դեմ ուղղված քայլ»:
?Հրատապ` Սպայկա ընկերության և աշխատակազմի հայտարարությունը ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի…
Gepostet von Spayka LLC am Montag, 8. April 2019