«Եթե մեր ապրանքը մնա, բերելու ենք հրապարակում «սամասվալ» անենք». «Սպայկայի» աշխատակիցները պահանջում են վարչապետին
«Սպայկա» ընկերության աշխատակիցները հերքում են այն լուրերը, թե ընկերությունը Հայաստանի տարածքով թուրքական լոլիկ է արտահանել Ռուսաստան։
Բազմաթիվ ջերմոցային տնտեսության ղեկավարները նշում են, որ իրենք են լոլիկ արտադրում՝ պնդելով, որ միայն Արտաշատում 55 հեկտար տարածք կա, որտեղ միայն լոլիկ են աճեցնում։
«Մենք արտահանում ենք միայն մեր ստեղծածը, մեր մեքենաները չեն հասցնում մեր արտադրանքն արտահանել, պիկ սեզոնին նույնիսկ հավելյալ մեքենաներ ենք բերում։ Եթե մեր ապրանքը մնա, բերելու ենք հրապարակում «սամասվալ» անենք, որ ուտեն, կշտանան։ Լոլիկներով շոու կա, թող վարչապետն ու իր ՊԵԿ-ը դրանցով շոու անեն ու որոշեն, թե ում են «փայ» տալու։ Սա շոու է ՊԵԿ-ի կողմից, Դավիթ Ղազարյանին կալանավորել, նշանակում է՝ գլխատել «Սպայկային»»,- ասացին աշխատակիցները։
Նրանց խոսքով՝ ՊԵԿ-ի այս գործելաոճը պետական ռեկետ է։
«Ասում են՝ եկեք Հայաստանում աշխատեք, բա եկել են, ինչո՞ւ չեն թողնում աշխատեն, այս ինչ «ֆոկուս» է»,- ասում են ընկերության աշխատակիցները։
Նշենք, որ այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի կալանավորելու որոշում կայացրեց։
Ընկերության մի շարք աշխատակիցներ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահաջելով ազատ արձակել Դավիթ Ղազարյանին և հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հավելենք, որ Դավիթ Ղազարյանին դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր, սակայն բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են մնալ դատարանի շենքի մոտ և պահանջել վարչապետի հետ հանդիպում։
Զվարթ Խաչատրյան