Բաժիններ՝

ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման և համաներմամբ ազատվել պատիժ կրելուց

Երեկ՝ ապրիլի 5-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, դատապարտել 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ համաներմամբ ազատ արձակել պատիժը կրելուց։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանից։

Մելքոնյանի խոսքով՝ պաշտպանական կողմը քննարկում է որոշումը ստանալուց հետո այն բողոքարկելու հարցը. «Մեր միակ պահանջը Էդուարդ Բաբայանին արդարացնելն էր»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց նա։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահ, ներկայումս պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել  2018 թվականի հուլիսի 2-ին ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի գործով. վիճաբանության ժամանակ, ըստ մեղադրանքի, Բաբայանը բռնություն է գործադրել աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր՝ Վյաչեսլավ Հարությունովի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։

Քրեական գործով դատավարությունն սկսվել էր մարտի 21-ին, եւ դատարանը որոշել էր դռնփակ իրականացնել ապացույցների՝ տեսաձայնագրության փուլը, որը պետք է շարունակվեր նաեւ ապրիլի 5-ին։ Սակայն այդ օրը, պարզվում է, դատարանը ավարտել է ընդհանրապես ապացույցների հետազոտումը, այդ թվում՝ ամբաստանյալի հարցաքննությունը։ Այնուհետեւ մեղադրող եւ պաշտպանող կողմերը հանդես են եկել ճառերով, ինչից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, ապա՝ հրապարակել դատավճիռը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս