
Սուրիկ Խաչատրյանի դեմ ոչ թե մահափորձ է եղել, այլ իր կողմից կազմակերպված բեմադրություն․ «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ, Լիսկա մականունով հայտնի Սուրիկ Խաչատրյանի դեմ 2015 թվականին տեղի ունեցած ենթադրյալ մահափորձի գործով ամբաստանյալներից մեկը երեկ դատարանում սենսացիոն հայտարարություն է արել: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանը երեկ առաջին անգամ դատարանում հայտարարել է, որ իրականում տեղի ունեցածը ոչ թե մահափորձ էր, այլ Սուրիկ Խաչատրյանի կողմից կազմակարպված բեմադրություն:
Ի դեպ, նախաքննության սկզբում նման տեղեկություն փոխանցել էր նաեւ Գորիսի ոստիկանապետը: Այս գործի շրջանակում նախաքննության սկզբում ձերբակալվել էր նաեւ Արա Բուդաղյանը, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց:
Ենթադրյալ դեպքը տեղի էր ունեցել 2015 թվականի մայիսի 20-ին. Կապան-Գորիս ավտոճանապարհին անհայտ անձինք կրակոցներ էին արձակել Լիսկայի մեքենայի ուղղությամբ:
Մեքենայում եղած 3 անձանցից որեւէ մեկը՝ Լիսկան, նրա վարորդը եւ օգնականը, չէին տուժել, թեեւ կրակոցների մեծ մասը դիպել էր մեքենային, այդ թվում՝ դիմապակուն: Դեռեւս այդ ժամանակ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ տեղի ունեցածը ոչ թե մահափորձ է, այլ՝ բեմադրություն: Այս դեպքից հետո ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին Արա Բուդաղյանը (մի քամի ամիս անց նա ազատ արձակվեց եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց), Հենրիկ Ավագյանը եւ Գարեն Աթաջանյանը:
Գործը 2016 թվականից գտնվում է դատարանում եւ այժմ դատարանն անցել է ամբաստանյալների հարցաքննությանը: Ամբաստանյալ Գարեն Աթաջանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը պատասխանել է սույն գործի վերաբերյալ թերթի մի քանի հարցերին:
– Պարոն Հովհաննիսյան, այժմ դատաքննությունը ի՞նչ փուլում է:
– Հիմա արդեն հասել ենք ամբաստանյալների հարցաքննությանը, մեկ ամբաստանյալը նախորդ դատական նիստին ցուցմունք տվեց, այսօր ցուցմունք է տվել իմ պաշտպանյալ Գարեն Աթաջանյանը:
– Իսկ կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչ ցուցմունք է ձեր պաշտպանյալը տվել:
– Նա ցուցմունք տվեց հետեւյալի մասին, որ 2015 թվականին մյուս ամբաստանյալը հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ եւ նրա հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ կազմակերպեն սպանության փորձի նմանակում: Դրա նպատակը եղել է այն, որ ըստ իմ պաշտպանյալի՝ դրա դիմաց մարզպետը պետք է լուծեր մյուս ամբաստանյալ Հենրիկ Ավագյանի՝ Սյունիք գյուղում առկա խնդիրները, դիմում գրել տար գյուղապետին, գյուղապետի փոխարեն նստեր Հենրիկ Ավագյանը, իսկ մարզպետի շահագրգռվածությունը այն է եղել, որ գործի մեջ ներգրավվեն Բուդաղյանները եւ եւս մեկ անձ, որի մասին այսօր միայն իմ պաշտպանյալը ցուցմունք տվեց:
Դա էլ ասեմ՝ ինչպես է կատարվել: Նախաքննության ավարտական փուլում քննիչը մարզպետի հետ միասին այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ գտնվել է իմ պաշտպանյալը, մի պահ քննիչի դուրս գալուց հետո իմ պաշտպանյալը մենակ է մնացել մարզպետի հետ, վերջինս թղթի վրա գրել է անուն ազգանուն՝ Մաքսիմ Հակոբյան, որն այդ ժամանակ հանդիսացել է Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենը:
Ասել է, որ պետք է տաս նաեւ Մաքսիմ Հակոբյանի անունը, որ իբր պատվերը ստացել եք ոչ միայն Բուդաղյաններից, այլ նաեւ Մաքսիմ Հակոբյանից: Իմ պաշտպանյալը հրաժարվել է, որից հետո մարզպետը ասել է, որ այս հարցը համաձայնեցված է Սերժ Սարգսյանի հետ եւ եթե դու Մաքսիմ Հակոբյանի անունը չես տալիս, ապա ցմահ մնալու ես բանտում, այսինքն, այնպիսի բաներ ենք բանտում քո նկատմամբ անելու, որ դու մինչեւ մահանալդ մնաս բանտում:
– Պարոն Հովհաննիսյան, ի վերջո սպառնալիքներից հետո այդ անունները ձեր պաշտպանյալը տվե՞լ է, թե՝ ոչ:
– Ոչ, չի տվել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: