«Ադրբեջանը ոչնչի չի սպասում, պատերազմի է պատրաստվում». Մոդեստ Կոլերով

Մեր զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական  գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը

– Փաշինյան-Ալիև հանդիպման, 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի ֆոնին կրկին ակտիվացել են խոսակցությունները «պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» թեմայի շուրջ: Մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպումից հետո որոշակի փոփոխություն է նկատվում կողմերի, մասնավորապես՝ Հայաստանի հռետորաբանությունում: Հանդիպմանը հաջորդեց ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի հնչեցրած նոր բանաձևը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»: Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն իր հերթին՝ օրերս ասաց, որ հարցի լուծման միակ ճանապարհը ռազմականն է, և պետք է պատրաստվել մարտական գործողությունների, քանի որ դրանք վաղ թե ուշ կլինեն: Բնականաբար, այս օրերին ադրբեջանական կողմը պատասխանում է այս հռետորաբանությանը: Սակայն, ըստ Ձեզ, ինչո՞ւ հանդիպումից հետո, որը որակվեց «կառուցողական»՝ համանախագահների և ղեկավարների կողմից, հռետորաբանությունը նման կտրուկ փոփոխություն կրեց:

– Հայկական կողմերի հռետորաբանությունը, այո՛, փոխվում է: Փոխվում է, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարած կարգավորման սկզբունքները, որոնք համընկնում են Մադրիդյան սկզբունքներին և որոնք առաջին անգամ ՄԽ այս հայտարարության արդյունքում ձեռք բերեցին պաշտոնական կարգավիճակ, կատեգորիկ կերպով անընդունելի են հայկական կողմերի համար: Եվ եթե հետագայում ևս հայկական կողմը կարգավորման գործընթացին մասնակցի այս սկզբունքներով, դա կնշանակի՝ իր կապիտուլյացիան և Արցախի վերացում, ինչպես ասել եմ ավելի վաղ:

Ներկայումս Երևանում որոշում է կայացվել անցկացնել բանակցություններ` միևնույն ժամանակ հասկանալով, որ դա նշանակում է՝ կապիտուլյացիա և վերացում, փոխել հռետորաբանությունն Ադրբեջանի նկատմամբ: Բանակցություններում իր հնարավորությունների նեղացող «միջանցքը» հայկական կողմը փորձում է հավասարակշռել նման կոշտ հռետորաբանությամբ: Բայց ես կարծում եմ նաև, որ այս հռետորաբանությունը հակասում է նրանց բանակցային քաղաքականությանը և նրան, որ շարունակում են մասնակցել բանակցություններին: Իմ համոզմամբ՝ հաջորդ անգամ իրենց համար դժվար է լինելու՝ այս հայտարարություններից հետո  պայմանավորվել Ադրբեջանի հետ նոր հանդիպման շուրջ, քանի որ մինչ այս նման հայտարարություններ, այդ թվում` «Երևանի վերադարձ», թույլ էին տալիս իրենց միայն Բաքվում, բայց նաև Երևանում էին թույլ տալիս Բաքվին անել նման հայտարարություններ: Սա ևս հետաքրքիր հանգամանք է: Սա հռետորական արձագանք է ԵԱՀԿ ՄԽ հայտարարված սկզբունքներին: Այդ սկզբունքների կիրարկումը նշանակում է՝ կապիտուլյացիա Հայաստանի համար և Լեռնային Ղարաբաղի վերացում:

– Հայկական կողմը տարբեր մակարդակներով ակնարկում է, որ այս հանդիպումների ժամանակ չեն ընթանում բանակցություններ այս սկզբունքների շուրջ, քանի որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին, այլ պարզապես կա ցանկություն՝ չկասեցնել բանակցային շղթան: Ի՞նչ կասեք այս մասին:

– Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարել է այդ սկզբունքների մասին, ցույց տալ, թե դրանք գոյություն չունեն, բանակցային սեղանին դրված չեն, անիմաստ է, չի կարելի: Նա կարող է սուբյեկտիվ կերպով բանակցություններ վարել՝ ինչի շուրջ ցանկանա: Բայց հայտարարված սկզբունքները կան, դրանք այլևս հնարավոր չէ համարել գոյություն չունեցող: ԼՂ ԱԳ ղեկավար Մասիս Մայիլյանը, կարծում եմ, կատարյալ տեքստով էր հանդես եկել` նշելով, որ՝ սա մեզ ձեռնտու չէ, նոր առաջարկներ ներկայացրեք: Երևանն այդպես ասաց, ոչ: Ես գնացի դիտելու սիմֆոնիկ համերգ, բայց սուբյեկտիվ կերպով ես ներկա էի ռոք համերգի: Սա նոնսենս է: Այդ նոնսենսը Երևանից է հնչում:

– Պարոն Կոլերով, կրկին փաստորեն փակուղային իրավիճակ է ԼՂ հակամարտության գոտում բոլոր հարթություններում` չկան արդյունավետ բանակցություններ այս օրակարգի, կողմերի դիրքորոշումների պատճառով, կան ռազմատենչ հայտարարություններ: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ սպասել առաջիկայում` և՛ բանակցային գործընթացից, և՛ շփման գծից:

– Բանակցային գործընթացից ոչ մի ակնկալիք չունեմ: Ես ասել եմ, որ այդ սկզբունքների հրապարակայնացումից հետո այդ բանակցությունները պետք է դադարեցվեն, իսկ եթե չեն էլ դադարեցվում, որևէ արդյունք չեն տալու, քանի որ, չեմ կարծում, թե կողմերից որևէ մեկը պատրաստ է կապիտուլյացիայի, այս դեպքում՝ հատկապես հայկական կողմը: Իսկ պատերազմի պետք է սպասել, պետք է սպասել ամեն օր, ամեն վայրկյան: Պատերազմի հեռանկարը ոչ մի կերպ չի հեռացել: Հրամանատար Լևոն Մնացականյանը, մեծ հաշվով, ճիշտ է պատերազմի վերաբերյալ իր կարծիքներում: Իսկ կլինի պատերա՞զմ, թե՞ կլինի պատերազմի սպառնալիք, այդ ամենը որոշում է բացառապես ուժի գործոնը: Դա ճիշտ է:

– Կարծիքներ կան, որ Ադրբեջանն ինչ-որ իրադարձությունների կամ հարմար պահի է սպասում պատերազմի վերսկսման համար: Ըստ Ձեզ` ինչի՞ է սպասում Ադրբեջանը, եթե պնդում եք, որ պատերազմն անխուսափելի է, մեծ հաշվով: Ինչի՞ց պետք է զգուշանա հայկական կողմը:

– Կարծում եմ` ոչ մի բանի չի սպասում, նա պարզապես պատրաստվում է պատերազմի: Ոչնչի չի սպասում:

– Ասացիք, որ ուժի գործոնն է որոշում` կլինի՞ պատերազմ, թե՞ ոչ: Ըստ Ձեզ` ինչպիսի՞ն է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, և որքանո՞վ այն զսպող դերակատարություն կարող է ունենալ:

– Իմ համոզմամբ՝ հաշվի առնելով իրերի ներկայիս դրությունը և այն հանգամանքը, որ Ղարաբաղում հետևություններ են արել 2016 թվականի ապրիլյան պետերազմից, ուժերի հավասարակշռությունը կողմերի միջև պահպանվում է: Եթե դիտարկենք պատմությունը, ապա կարող ենք ասել, որ կպահանջվեն պատերազմներ, որպեսզի հնարավոր լինի հաստատել այդ հակամարտության արդյունքները: Կողմերից ոչ մեկը չի համաձայնի կապիտուլյացիայի ինքնակամ կերպով:

– ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Վիեննայի հանդիպման արդյունքներին, ասել է, որ Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել Երևանին և Բաքվին՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար: Խոսքը, ամենայն հավանականությամբ, մարդասիրական ծրագրերի իրականացման պայմանավորվածության մասին է: Հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Իսկ ավելի լուրջ հեռանկարների և օրակարգերի տեսանկյունից, հաշվի առնելով տարածաշրջանում Մոսկվայի դերակատարությունը, ի՞նչ դիրքորոշում ունի Մոսկվան՝ նկատի ունենալով տարածաշրջանում առկա այս վտանգները:

– Մոսկվայի համար ամենակարևորն այն է, որպեսզի պատերազմ չլինի: Բայց նաև կա հակասություն, քանի որ բանակցային այն սկզբունքները, որոնք ներկայացված են, կապիտուլյացիա են նշանակում: Այս հարցում Մոսկվան կարող է ունենալ իր վերաբերմունքը: Սակայն, կարծում եմ, պետք է հայկական կողմին հարցնել՝ նա դրան պատրա՞ստ է, թե՞ ոչ: Կարծում եմ՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս