«Երեխաներին պետք է սովորեցնել առհասարակ կասկածել ամեն ինչին, կասկածել այն ամենին, ինչ կարդացել են, նրան, ինչ լսել են»
Կյանքին առանց վարդագույն ակնոցների նայելու՝ Ջորջ Քարլինի դասերը
Երեխաների մասին
Երեխաներին կարդալ ստիպելը գլխավորը չէ։ Կարդալ ցանկացող երեխաները կկարդան։ Կարդալ սովորել ցանկացող երեխաները կսովորեն կարդալ։ Առավել կարևոր է երեխաներին սովորեցնել կասկածել կարդացածին։ Երեխաներին պետք է սովորեցնել առհասարակ կասկածել ամեն ինչին, կասկածել այն ամենին, ինչ կարդացել են, նրան, ինչ լսել են։ Երեխաներին պետք է սովորեցնել կասկածել իշխանությանը։ Ծնողները երբեք իրենց երեխաներին չեն սովորեցնում կասկածել իշխանությանը, քանի որ իրենք էլ իշխող կերպարներ են ու չեն ցանկանում սասանել իրենց սեփական տան փտած կարգերը։
Հարգելի ծնողներ, ձեր իսկ օգտի համար ինչ-որ մեկը պետք է ձեզ ասի, որ ձեր երեխաները գերագնահատված ու չափից առավել են գովեստների արժանացած։ Դուք նրանց վերածել եք կուռքերի փոքրիկ օբյեկտների։ Բոլորը մտածում ե, որ իրենց երեխան առանձնահատուկ է։
Եվ այդ երեխաներից ոչ մեկը մինչև 20 տարեկան դառնալն այդպես էլ չի լսի իր մասին ճշմարտությունը, քանի դեռ, ասենք, աշխատավայրում ղեկավարը չի գա ու չի ասի. «Գիտե՞ս ինչ, հավաքիր իրերդ ու հեռացիր այստեղից. դու ազատված ես աշխատանքից, անհաջողակի մեկը»։
Պետության և քաղաքականության մասին
Ռադիոյով հայտարարում են, որ 2×2=5։ Դու զարմանում ես։ Հետո նախագահն է ուղիղ եթերում նույնը պնդում՝ բերելով անհասկանալի ապացույցներ։ Դու շփոթվում ես։ Դու դուրս ես գալիս փողոց ու ասում, որ 2×2=4։ Դրա համար մահակներով գլխիդ են տալիս հատուկ ուսուցում անցած մարդիկ, տանում են համապատասխան բաժին ու կրկին մահակների օգնությամբ բացատրում, որ 2×2=5։ Դու դուրս ես գալիս ոդևորված ու այն հավատով, որ 2×2=5։ Մոտավորապես այդպես է աշխատում ցանկացած պետություն։
Ես երբեք չեմ հասկացել «ազգի համար հպարտություն» ասվածը։ Իմ կարծիքով, պետք է հպարտանաս մի բանով, որին ինքդ ես հասել։ Իռլանդացի լինելը կարողություն չէ, այլ պատահականություն։ Չէ՞ որ դու չես ասի, որ հպարտ ես, որ մայիսի 16-ին ես ծնվել։
Քաղաքական գործիչներն ավանդաբար թաքնվում են 3 բաների հետևում՝ դրոշ, Աստվածաշունչ և երեխաներ։
Պատերազմը հարուստ մարդկանց համար միջին և աղքատ դասերի երեխաներին մահվան ուղարկելու եղանակով սեփական շահերը հետապնդելու միջոց է։
Պահպանողականների մասին
Նրանք ամեն ինչ կանեն դեռևս չծնված երեխաների համար։ Բայց հենց ծնվեցիր, վերջ. Ինքդ տես գլխիդ ճարը։ Հղիության արհեստական ընդհատումների հակառակորդները իրենց պատեպատ են տալիս էմբրինի համար՝ սկսած բեղնավորումից մինչև 9-րդ ամիսը, իսկ ահա հետո ծնված երեխայի մասին լսել անգամ չեն ուզում՝ ոչ հետծննդյան խնամք, ոչ մանկապարտեզ, ոչ նախադպրոցական կրթություն, ոչ դպրոցական նախաճաշեր, ոչ պարենային օգնություն, ոչ սոցիալական լրացուցիչ օգնություններ, ոչինչ։
Հենց որ դու լքում ես արգանդը, դու այլևս պահպանողականներին չես հետաքրքրում մինչև զորակոչային տարիք։ Իսկ ահա հենց այդ ժամանակ էլ դու նրան հետաքրքիր ես ու պետք ես։ Պահպանողականներին կենդանի երեխաներ են պետք, որ նրանք մեծանան ու դառնան մեռած զինվորներ։
Կրոնի մասին
Կյանքի սրբազանությունը։ Դուք հավատո՞ւմ եք դրան։ Անձամբ ես կարծում եմ, որ դա հիմարություն է։ Ասում եք, կյանքը սրբազա՞ն բան է։ Ո՞վ է դա ասել, Աստվա՞ծ։ Եթե դուք պատմություն եք սովորել, ապա հիշեք, որ Աստված հազարավոր տարիներ մահացության ամենագլխավոր պատճառներից մեկն է եղել։ Հինդուիստները, մահմեդականները, հրեաները, քրիստոնյաները, բոլորը հերթով սպանում են միմյանց, որովհետև Աստված նրանց ասել է, որ դա գերազանց գաղափար է։
Հազարավոր տարիներ արյունալի, կատաղի պատերազմներ են մղվում կրոնական ատելության պատճառով։
Երբեք չմոռանաք, որ Հիտլերը կաթոլիկ էր։
Կրոնը կոշիկի պես է։ Ընտրիր քեզ համար հարմար զույգ, բայց ինձ մի ստիպիր հագնել քո կոշիկները։
Մարդկության մասին
Տեսեք, թե ինչ աշխարհում ենք մենք ապրում։ Ավելի ճիշտ, թե ինչի ենք մենք վերածում այս աշխարհը։ Կտրում ենք անտառներ, չորացնում գետեր ու լճեր, նավթ են ստանում ընդերքից, գործարաններ ու ֆաբրիկաներ ենք կառուցում ու ատոմային կայաններ….Ցանկացած առնետ ավելի կատարյալ է, քան մենք։ Նա գոնե ինքնաոչնչացման ձգտում չունի մեզ պես, նա շրջակա աշխարհի հետ ներդաշնակության մեջ է ապրում, ինչ պայմաններում էլ որ հայտնվի։ Իսկ մե՞նք… Խոց ենք մոլորակի մարմնի վրա, մակաբույծներ, որոնցից ազատվելու վաղուց ժամանակն է։
Մենք ունենք լավագույն կրթությունը, բայց քիչ խելամտություն, լավագույն գիտելիքները, բայց վատ ենք գնահատում իրավիճակը, շատ փորձագետներ ունենք, բայց դրանից շատ՝ խնդիրներ, լավագույն բժշկությունը, բայց վատ առողջություն։ Հասել ենք Լուսին ու վերադարձել, բայց դժվարությամբ ենք փողոցն անցնում ու նոր հարևանի հետ ծանոթանում։ Մենք նվաճել ենք բաց տիեզերքը, բայց ոչ մեր ներաշխարհը։ Մաքրում ենք օդը, բայց ապականում մեր հոգին։ Մեզ ենք ենթարկեցրել ատոմը, բայց ոչ մեր նախապաշարմունքները։ Մեծացրել ենք մեր հավակնությունները, բայց կրճատել արժեքները։
Հարաբերությունների մասին
Երբ մարդիկ որոշում են ինչ-որ մեկի հետ մտերմիկ հարաբերությունների վերջը տալ, նրանք հաճախ օգտագործում են «առաջ շարժվել» չարչրկված արտահայտությունը։
Այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք տղամարդկանց ու կանանց մասին, հետևյալն է. կանայք հոգեկան շեղումներ ունեն, իսկ տղամարդիկ ապուշ են։ Եվ գլխավոր պատճառը, որ կանայք մի քիչ հոգեկան են, այն է, որ տղամարդիկ են ապուշ։
Մոտիվացիայի մասին
Մեր սերնդի իսկական հոբբին նվնվոցն է ու ոչնչի մասին հիմար շաղակրատանքը։ Անհաջող հարաբերություններ, ուսման հետ կապված խնդիրներ, հիմար ղեկավար… ահա դրանց շրջանակը։ Այս ամենը հիմարություն է։ Եթե քեզ մոտ ոչինչ չստացվի, ապա միայն մեկ հիմար կա, և դա դու ես։ Եվ դու խիստ կզարմանաս, եթե իմանաս, թե ինչքան բան կարելի է փոխել՝ պարզապես հետույքդ բազմոցից կտրելով։
Ես չեմ հասկանում նաև, թե ինչի համար են մոտիվացիոն գրքերը կամ տեսաերիզները։ Դա ի՞նչ է։ Ինչո՞ւ հանկարծ բոլորին պետք եկավ լրացուցիչ մոտիվացիա։ Չէ՞որ ամեն բան պարզ է։ Դուք կամ ուզում եք, կամ չեք ուզում։
Մոտիվացիան հիմարություն է։ Մոտիվացված մարդիկ բոլոր խնդիրների պատճառն են։ Խարդախները, սերիական մարդասպանները, մանկապիղծները, օրթոդոքս քրիստոնյաները խիստ մոտիվացված մարդիկ են։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ մոտիվացիան գերագնահատում են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը