Վրաստանում տարեսկզբից 2800 մարդ է հիվանդացել կարմրուկով

Վրաստանում այս տարվա հունվար – մարտին 2880 մարդ է հիվանդացել կարմրուկով: Այդ մասին ապրիլի 4-ին լրագրողներին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նրա խոսքով՝ երկրում հիվանդության տարածումը շարունակվում է, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

«Չնայած այն բանին, որ վերջին մեկ ամսում որոշակի կայունացման դինամիկա է նկատվում, այսինքն՝ աճի տեմպերն այնպիսին չեն, ինչպիսին եղել են հունվարին եւ փետրվարի սկզբին, այնուամենայնիվ, օրական ունենք 15 – 20 նոր դեպք»,- ասել է Վրաստանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ վարակման դեպքերի 60 տոկոսի համար հոսպիտալացում է պահանջվել:

«Այս տարի երկու մահացու դեպք ունենք»,- ասել է կենտրոնի ղեկավարն՝ ընդգծելով, որ ժամանակին արված պատվաստումը կարմրուկի տարածման դեմ պայքարի միակ միջոցն է: Մարտ ամսվա սկզբին Վրաստանի առողջապահության նախարարությունում հայտնել էին կարմրուկով հիվանդանալու 2 հազար 115 դեպքի մասին: Հունվարի վերջին գերատեսչությունում հայտարարել էին, որ երկրում համատարած բռնկում է, եւ իրադրությունը կարող է հայտնվել համաճարակի եզրին:

Տեսանյութեր

Լրահոս