Բաժիններ՝

Գյումրու տնակային ավանում վարչապետին հասցրեցին կոշիկ նվիրել, սակայն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 42 համարի կոշիկ է հագնում, իսկ այն փոքր է

Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց նաև Գյումրու տնակային ավան, ինչպես նաև ավտոկայան։ Քաղաքային ավտոկայանում հավաքված բնակիչները բազմաթիվ նամակներ փոխանցեցին վարչապետին և ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները։

Գյումրեցիներից մեկը բնակարանային փաստաթղթերի հետ կապված հարց բարձրացրեց, որը մի քանի անգամ կրկնեց, որպեսզի վարչապետը լսի, ինչին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եղբայր, ես մեկ անգամից հասկանում եմ, մեկ անգամ ասեք»։

Այնուհետև անդրադառնալով Գյումրու տրանսպորտային խնդիրներին, վարչապետն ասաց՝ ակնհայտ է, որ Գյումրիում պետք է ավտոկայան կառուցվի, սակայն պետք է այնպիսի վայրում կառուցեն, որը կդառնա իրական տրանսպորտային ցանցի մաս, ուստի այդ ամենի համար պետք է լինի մասնագիտական եզրակացություն։
Իսկ արդեն տնակային ավանում բնակվողներից շատերը՝ դիմելով Փաշինյանին, խնդրեցին, որ իրենց տնակները սեփականաշնորհի։

«Մենք ասում ենք՝ տնակները վերացնենք, դուք ասում եք՝ սեփականաշնորհեք։ Մեր հանձնաժողովը պետք է աշխատի, որպեսզի հասկանանք, թե տնակներից որի նկատմամբ պետությունը պարտավորություն ունի, ինչպիսի իրավահարաբերություններ է գործում, և այլն, հիմա որևէ հարցի չեմ կարողանա պատասխանել»,- բնակիչներին ասաց վարչապետը։

Նա տեղ բնակիչներից մեկի խնդրանքով այցելեց նրա տնակ, որտեղ նկարահանողները չկարողացան մտնել, քանի որ անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։

Տնակային ավանում վարչապետին նույնիսկ հասցրեցին կոշիկ նվիրել, սակայն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 42 համարի կոշիկ է հագնում, իսկ այն 41 է։

Վարչապետը զայրացավ տնակային ավանի տարածքում կուտակված աղբի համար, հատկապես, երբ նրան բացատրեցին, որ քաղաքապետարանը հաճախակի է աղբահանություն կատարում։

«Ձեր այդ խասյաթին վերջ տվեք, երբ իշխանությունից մարդ է գալիս, սկսում եք բացատրություններ տալ, զիբիլ է, որի մեջ չի կարելի ապրել։ Ուզո՞ւմ եք՝ սա տանեմ էքսպերտիզացիայի՝ կտեսնեք, որ առնվազն վեց ամսվա զիբիլ է։ Ի՞նչ է, դժվա՞ր է՝  հավաքեք, մաքրեք, ինձ համա՞ր եք մաքրելու, ձեզ համար եք մաքրելու»,- նշեց վարչապետը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս