Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու դեմ ներկայացված բողոքի քննությունը հետաձգվեց. Քոչարյանը կալանավայրում կարդում է

Վերաքննիչ քրեական դատարանը մինչև վաղը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը։

Բողոքը քննում էր դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։

Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հասցրել է ներկայացնել միայն բողոքի կեսը։

«Վաղը կշարունակեմ ներկայացնել իմ բողոքը, որից հետո պաշտպանական կողմը դեռ երեք բողոք ունի։ Կներկայացնենք մեր առարկությունները Դատախազության բողոքի վերաբերյալ, և Դատախազությունը կներկայացնի իր առարկությունները մեր բողոքի վերաբերյալ։ Դրանից հետո, եթե պարոն Քոչարյանը լրացնելու բան ունենա, կավելացնի»,- ասաց Հայկ Ալումյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Քոչարյանը կալանավայրում կարդում է և երեկ ավարտել է Ֆրենսիս Ֆոկոյամայի «Այդենթիթի» գիրքը և սկսել է կարդալ Սայմոն Սայենսի «Լիդերշիփ» գիրքը։

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր  ՀՔԾ-ի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս