Բաժիններ՝

Արցախի երիտասարդները հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ «Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք» ծրագրի շրջանակներում այսօր Արցախի մի խումբ ուսանողներ և հասարակական կազմակերպության անդամներ այցելել են 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված հայորդիների գերեզմաններ, ծաղիկներ խոնարհել՝ իրենց հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հիշատակին:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից ծրագրի մասնակիցների մի մասը ոտքով շարժվել է դեպի քաղաքային հուշահամալիր, իսկ մյուսները՝ գերեզմաններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանն ասել է, որ արդեն երրորդ տարին է, ինչ իրենք կազմակերպում են «Ննջեցեք խաղաղությամբ. ձեր գործը շարունակում ենք» ծրագիրը:

Խոսելով ծրագրի նպատակների մասին՝ նա նշել է, որ մերօրյա երիտասարդությունը, այցելելով հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների գերեզմաններ, ևս մեկ անգամ հաստատում են, որ իրենք պատրաստակամ են շարունակելու նրանց՝ հայրենյաց պաշտպանների կիսատ թողած սրբազան գործը:

«Այս միջոցառումը նաև դաստիարակչական նշանակություն ունի, ինչպես նաև բարձրացնելու երիտասարդների հայրենասիրական ոգին և համախմբելու մի գաղափարի շուրջ: Արցախցի երիտասարդներն այս ծրագիրն իրականացնում են ոչ միայն Ստեփանակերտում, այլև Արցախի և Հայաստանի հանրապետությունների այն վայրերում, որտեղ ունեցել ենք ապրիլյան քառօրյա պատերազմի զոհեր»,-մասնավորապես ասել է փոխնախարարը:

Ծրագրին մասնկից Հայ Հեղափոխական Դաշնակցության Արցախի երիտասարդական միության վարչության անդամ Գեղանուշ Սարգսյանն ասել է, որ նման միջոցառումների կազմակերպումը շատ կարևոր է, մասնավորապես, երիտասարդության համար:
«Մենք այս կերպ ևս փորձում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել նրանց վառ հիշատակին, և հույս ներշնչել նրանց հարազատների մոտ՝ ցույց տալով որ իրենք մենակ չեն»,-նշել է կայքի  զրուցակիցը:


Գ. Սարգսյանի խոսքով՝ յուրաքանչյուր արցախցի պետք է դաստիարակված լինի ռազմահայրենասիրական ոգով և յուրաքանչյուր ոք էլ պիտի գիտակցի, որ երկրի ապագան նաև իրենից է կախված:

Կայքի հետ զրույցում զոհվածների հարազատները շնորհակալություն են հայտնել միջոցառման նախաձեռնողներին և խոստովանել, որ նման վերաբերմունքը սփոփանք է իրենց համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս