
«Իմ քայլի» պատգամավորը չի բացառում ղազախների օրինակով մայրաքաղաքի անվանափոխումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայտնի է, որ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի Քաղաքացու օրը։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանից հետաքրքրվեցինք՝ իսկ ի՞նչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել հեղափոխությանը կամ դեմ են եղել։ «Թող չնշեն, ի՞նչ է եղել»,- ասաց նա, հետո խմբագրեց․ «Իրենք էլ թող նշեն, ես ոչ մի խնդիր չեմ տեսնում»։
Օրինակ, ՀՀԿ-ականն ի՞նչ սրտով նշի։ «Ես չեմ կարող պատկերացնել, ես պատկերացնում եմ, թե ես ոնց եմ նշելու»։ Ո՞նց եք նշելու։ «Կշրջենք քաղաքում՝ ընկերներիս հետ, կզբոսնենք, եթե ինչ-որ միջոցառումներ կազմակերպեն, կմասնակցենք․․․ Քաղաքացու օր՝ նշանակում է, որ քաղաքացու օրն ա, նշանակում է՝ բոլոր քաղաքացիների։ Դա իրավագիտակցման բարձրացման օրն է լինելու, ինչպես որ հեղափոխության օրերին քաղաքացին բարձր իրավագիտակցություն ցուցաբերեց։ Այնպես որ՝ բոլորը պետք է նշեն»։
Մովսիսյանը համաձայն չէ, որ ժամանակից առաջ են ընկնում՝ արժեւորելով հեղափոխությունը։ «Ուղղակի ժամանակը, պատմությունն ավելի կամրապնդի դա»։ Իսկ հնարավո՞ր է ղազախների օրինակով անվանափոխեք մայրաքաղաքը։ «Չգիտեմ, չեմ կարող ասել»։ Այսինքն՝ հնարավո՞ր է անեք նման առաջարկ։ «Չի բացառվում, ոչինչ չի բացառվում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: