
2016-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է:
Ուղերձը ստորև.
«2016-ի ապրիլին Արցախ շտապող հայորդիների չդադարող հոսքը հստակ ուղերձ էր աշխարհին, որ այս հողի վրա մեր ներկայությունը հավերժական է ու անհերքելի: Ռազմաճակատում ուս ուսի կռվող մի քանի սերունդներ, վայրկյան առաջ առաջնագիծ հասնելու ցանկությամբ հրապարակում հերթ կանգնած հազարավորներ, հանուն զինվորի և հայրենիքի պաշտպանության միաբանված քաղաքացիներ՝ ամեն մեկը սեփական պատասխանատվության գիտակցումով և պատրաստակամությամբ:
Սա էր մեր պարզ ու բնական պատասխանը մեր գոյությանը, ազատությանն ու անկախությանը սպառնացող թշնամու գործողություններին: Երեք տարի անց էլ այս է մեր ապրելու բանաձևը: Փա՛ռք ու պատիվ ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին և մեր խոնարհումը նրանց ընտանիքներին»: