Տեսչական մարմինը 1.5 մլն դրամից ավելի վարչական տուգանք է նշանակել

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի մարտի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրվել է 47 իրավախախտման դեպք:

Տեսչական մարմնից տեղեկացրեցին, որ արձանագրված դեպքերով հաշվարկվել է 12.730.020 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 21-ի վերաբերյալ նշանակվել է 1.650.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մասնավորապես, բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 34 դեպք:  Ապօրինի ծառահատման դեպքեր են գրանցվել Լոռիում, Տավուշիում: Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 10 դեպք: Գեղարքունիքում հայտնաբերված իրավախախտման 3 դեպքով առգրավվել է 186 հատ՝ 68կգ սիգ տեսակի ձուկ, որը սահմանված կարգով հանձնվել է համապատասխան սոցիալական հաստատություններին, հաշվարկվել է 340.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։  Ձուկ առգրավվել է նաև Երևանում, Վայոց ձորում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 3 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Տեսանյութեր

Լրահոս