
Գոնսալո Ռուբալկաբան, Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը համատեղ համերգով հանդես կգան Երևանում

Գրեմմի մրցանակի քառակի դափնեկիր Գոնսալո Ռուբալկաբան, աշխարհահռչակ Էրիկ Հարլենդն ու Մեթյու Բրուերը համատեղ համերգով հանդես կգան Ա. Խաչատրյան համերգասրահում ապրիլի 30-ին ժամը 19:00-ին: Տոմսերն ամրագրելու համար կարող եք զանգահարել 096206208 հեռախոսահամարով:
Գոնսալո Ռուբալկաբա «Գրեմմի» մրցանակի քառակի դափնեկիր է: Գոնսալո Ռուբալկաբան համարվում է ջազի ամենակարկառուն և հռչակավոր դեմքերից մեկը: Ծնվելով երաժիշտների ընտանիքում` ապագա դաշնակահար և կոմպոզիտորը երաժշտական ասպարեզում իր առաջին քայլերը սկսում է դեռևս վեց տարեկանից` նվագելով հարվածային գործիքների վրա: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ռուբալկաբան համագործակցել է այնպիսի ջազմենների հետ, ինչպիսիք են Դիզզի Գիլեսպին, Չուչո Վալդեսը, Չարլի Հեյդենը և այլք: Ջազի կնքահայր Հերբի Հենկոքը նրան անվանել է դարի լավագույն դաշնակահար: Ռուբալկաբան ընդհանուր առմամբ թողարկել է մոտ 25 ձայնասկավառակ, որոնցից երկուսը` ”Nocturne”-ը (2001թ.) և ”Land of the sun”-ը (2004թ.) արժանացել են «Գրեմմի» մրցանակի:
Էրիկ Հարլենդ Գրեմմի նոմինանտ Էրիկ Հարլենդը հանրահայտ Zildjian բրենդի ներկայացուցիչ է, նվագակցել է համաշխարհային մի շարք արտիստներին։ Համարվում է 21-րդ դարի ամենապահանջված թմբկահարներից մեկը, և մինչ այս ներկայացվել է ավելի քան 260 ձայնագրություններում։
Մեթյու Բրուեր Մեթյուն շրջապատված է եղել երաժշտությամբ դեռ վաղ տարիքից՝ նրա հայրն ու պապը նույնպես երաժշտական ասպարեզից են։ Մեթյու Բրուերը համագործակցել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են՝ Գրեգ Օսբին, Գոնսալո Ռուբալկաբան, Լի Կոնիցը, Դավիթ Սանչեսը և այլք։