Բաժիններ՝

«Հայաստանին պետք է, որ արվեստն ու մշակույթը հասնեն միջազգային չափանիշների, և ոչ թե Գրեմմիի հավակնորդ արտիստին փոխարինեն հարսանիքի թամադայով». Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Միանանք Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի արտիստների բողոքին՝ ի պաշտպանություն Կոնստանտին Օրբելյանի

Ղարաբաղյան պատերազմի բեռի հսկա հատվածը հայերեն չիմացող, Ռուսաստանից եկած սպաների վրա է եղել։ Նրանք սովորական պաշտոնյաներ չէին, այլ ծառայում էին երկրի անվտանգությանը։

6-7 ամիս է՝ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին հեռացնելու նպատակով կառավարությունը հասարակական կարծիք ձևավորելու համար «խախտումներ» և «թերացումներ» է գցում մեյդան: Մեկ, թե իբր «քաղաքական քարոզչություն» են անում թատրոնում, թե Լիտվայում էլ է նվագախումբ ղեկավարում, թե երեք պաշտոն է զբաղեցնում, թե Գրեմիի մրցանակաբաշխությանը պիտի չգնա, ու հասարկության մեջ յուրաքանչյուրն իր ճաշակով որսում է գցված «թերացումները», և որոշում, թե ինչ է պետք Օպերային, թե «պաշտոնյան պետք է հայերեն իմանա», ամեն մեկը «պետք է մի պաշտոն զբաղեցնի», պետք է էնպես լինի, պետք է էսպես լինի, կարծես ամբողջ կյանքները Օպերա են ղեկավարել։ Եվ երբ կառավարությունը որոշեց, թե պահը հասունացել է, Օրբելյանի հեռացման հրամանը տվեցին։

Իսկ ահա ինչ է ասում Օպերայի երգչուհի, վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանը. Օպերայի պատմության ընթացքում, երբ գեղարվեստական ղեկավարի ու տնօրենի պաշտոնները համատեղված են եղել, այն ժամանակ է թատրոնը հաջողություններ ունեցել։
Հայաստանում երբեմն հաջողություններ են լինում, որոնցից մեկը Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ Օպերային և բալետի թատրոնի գործունեությունն է՝ 1,5 տարում 6 նոր ներկայացում, նոր ձևավորումներով, նոր հանդերձանքով, արտասահմանյան շրջագայություններ, հրավիրված հանրահայտ երաժշիտներ ու արտիստներ դասընթացներ են վարում և այլն։

Մարտի 30-ին Օպերայի և բալետի թատրոնի արտիստների հետ Հայաստանի բազմաթիվ արտիստներ Օպերայի դահլիճում աջակցություն հայտնեցին Օրբելյանին և նամակ հղեցին վարչապետին, որ չեղարկի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանը ու հեռացնի նրան։

Բայց խիստ կասկածելի է, թե Նազենի Ղարիբյանը ինքնուրույն է գործում: Օրբելյանի դեմ արշավը սկսել էր դեռ Մակունցը, որը հրապարակային դարձավ, երբ այն բռի նկատողությունը տվեց, թե Օպերայում քաղաքականությամբ են զբաղվում։ Իսկ նոր իշխանությունների աշխատելու մեթոդը ցույց է տալիս, որ որևէ մեկին հեռացնելու համար արշավը սկսում են ներքևի օղակներից, և եթե չի ստացվում, վերջում վարչապետն է խառնվում։

Արդյո՞ք վարչապետը կընդառաջի արտիստներին որպես ուղիղ ժողովրդավարության դրսևորում, թե կգոռա՝ Նոր Հայաստանում հազար պաշտոն զբաղեցնող մարդը տեղ չունի։ Տեսնենք։

Բայց ինչ է պակասում հեղափոխական իշխանությանը Օպերայում. արդյո՞ք մերժում է այն ամենը, ինչ նախկին իշխանություններն են արել, նույնիսկ ձեռքբերումները, ինչպես Օրբելյանի նշանակումն է, թե՞ չեն կարողանում հանդուրժել մի հիմնարկ, ուր վերևի դիկտատին ամբողջությամբ չեն ենթարկվում։

Եվ օրինապահների բանակներ են շարվում, օրենքը սրբացնում են՝ «Ինձ համար հեղինակություններ չկան ու, կարծում եմ, Օրբելյանն էլ պետք ա իրեն օրենքից վեր չդասի», ասում են (սա մի կուսակցության առաջնորդի խոսք է, որի ծրագրում ուղիղ ժողովրդավարությունն է)։

Բայց ինչպե՞ս որոշեցին, որ օրենքի խախտումով է Օրբելյանը աշխատում, Օպերայի արտիստներն էլ ասում են, թե նախարարությունն է օրենք խախտել՝ միակողմանի պայմանագիրը չեղարկելով, և որ օրենքը թույլ է տալիս գեղարվեստական ղեկավարի ստեղծագործական աշխատանքը համատեղել տնօրենի հետ, թե՞ մշակույթի նախարարությունն է դատարանի վերջին ատյանը: Գուցե գոնե ասեիք՝ սպասենք դատարանի վճռի՞ն, եթե իհարկե հավատալու ենք, որ դատարանին հեռախոսով ցուցում չեն տալու։

Իսկ եթե իրոք համոզված եք, որ օրենքը արգելում է Օրբելյանին ղեկավարել, ապա արդյո՞ք օրենքն է մշակույթի համար, թե՞ մշակույթը օրենքի, Հայաստանը ինչո՞ւ է մի օրենք պահում, որն արգելում է հանրահայտ երաժիշտին ղեկավարել Օպերայի թատրոնը: Եթե կա այդպիսի օրենք, պիտի այն փայփայեք ու գուրգուրե՞ք, թե՞ վերացնեք։ Սովետն էլ օրենքներ ուներ, շատ ավելի խիստ օրենք, քրեական օրենք, կոչվում էր «հակասովետական ագիտացիա և պրոպագանդա», որ իրար գիրք փոխանցելու համար տարիներով մարդկանց բանտ էին գցում, ինչքան շուտ պակասեին «օրինապաշտները», այնքան քիչ մարդիկ բանտ կնստեին։

Ասում են «Պետք է»։ Ի՞նչ է պետք: Այս թեմայի մեջ, թե մի բան պետք է Հայաստանին, ապա այն որ Հայաստանում արվեստն ու մշակույթը հասնեն միջազգային չափանիշների, և ոչ թե ինչ-որ օրենքների ժանգլյոռութամբ թայֆաբազությունը բարգավաճի և Գրեմմիի հավակնորդ արտիստին փոխարինեն հարսանիքի թամադայով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս