Ինչո՞ւ ԿԳԲ գործակալներին չեն գաղտնազերծում. պարզաբանում է Պարույր Հայրիկյանը
Հայաստանում անցումային արդարադատության մեխանիզմների ներդրմանը զուգահեռ՝ քննարկվում է ծանր հանցագործությունների դեպքում առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների գործարկման հնարավորությունը։ Գործընթացի նպատակը պետք է լինի խախտված իրավունքների վերականգնումը, զոհերի և մեղսագործների միջև հաշտության հասնելը, արդարության և հանրային համերաշխության հաստատումը։ Վարչապետի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով՝ առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման համար։
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ անցումային արդարադատությունը կարևոր է, բայց բացասական վերաբերմունք ունի առանց դատարանի որոշման ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտների ներդրման նկատմամբ:
«Ես կողմ եմ ապօրինի հարստացումները արգելելուն, սահմանափակելուն, բայց ոչ՝ առանց դատարանի որոշման»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն օրերս հայտարարությամբ էր հանդես եկել, որում անդրադառնում էր պաշտոն ստանձնող անձանց լյուստրացիային:
«Լյուստրացիան էլ ենք այս կոնտեքստում դիտարկում: Այնպես չէ, որ բոլոր գործակալական ցուցակները պետք է հանենք: Ով որ փորձի պաշտոն ստանալ՝ կհրապարակվի նրա՝ գործակալ լինելու փաստը: Կարելի է այնպիսի սահմանումներ տալ, որպեսզի զերծ մնանք խնդիրներից, որոնց մեջ թաղված ենք: Օրենքով կարող է սահմանվել, որ այն անձինք, ովքեր եղել են ԿԳԲ-ի գործակալ, պետական պաշտոն չպետք է զբաղեցնեն, բայց եթե գնում է պաշտոնի, կարող է հրապարակվել նրա՝ գործակալ լինելու մասին»,- ասել էր Սաքունցը։
Այս կապակցությամբ մեր հարցին ի պատասխան՝ Պ. Հայրիկյանն ասաց.
«Հեղափոխություն իրականացնող-չիրականացնող մարդկանց մեջ ինչպե՞ս են տարբերելու: Դրա համար կա լյուստրացիա: Եթե դա արվի՝ բնական է, որ նմանները ասպարեզից դուրս կգան, բայց կարծում եմ՝ սա վերացական հայտարարություն է, քանի դեռ գաղտնազերծում տեղի չի ունեցել»:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ գաղտնազերծում չեն անում, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց.
«Գաղտնազերծում չեն անում հիմնականում այն պատճառով, որ շատ բաներ կբացահայտվեն հենց այդ գաղտնազերծումն անելու տրամադրված մարդկանց միջավայրից: Վախենում են, որ կպարզվի, որ իրենց պապը, քեռին կամ ինքը կապ ունեն դրա հետ»:
Անի Կարապետյան